«Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ-ն դատարան է դիմել` բողոքարկելու ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ընկերության նկատմամբ կազմված 3.8 միլիարդ դրամի (8 միլիոն դոլար) ակտը: Այս մասին «Էկոլուր» բնապահպանական ՀԿ֊ի հետ զրույցում ասել է ընկերության գլխավոր տնօրեն, կանադահայ Հրաչ Ջաբրայանը` նշելով, որ երկու նախնական նիստ արդեն եղել է, երրորդը կլինի մայիսին: «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ-ն Հայաստանում շահագործում է Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը:
Ջաբրայանի հետ զրույցում «Էկոլուրը» հիշեցրել է, որ նախ 2013 թվականի հոկտեմբերին բնապահպանության նախարարությունն էր ընկերության վրա 380 միլիոն դրամի (800 հազար դոլար) տուգանք դրել, հիմա էլ Ֆինանսների նախարարությունը` 3,8 միլիարդ դրամ գումարի չափով: «էկոլուրը» ընկերության գործադիր տնօրենին հարցրել էր՝ որն է պետական գերատեսչությունների նման քայլերի պատճառը։
«Ես չէի ասի, որ մութ ամպեր են կուտակվել Դանդիի գլխին, ես ուղղակի կասեի, որ բիզնեսի ոլորտի գլխին են մութ ամպեր կուտակվել, և ես իսկապես մտահոգված եմ դրանով: Ամեն անգամ, որ շփվում եմ քննիչների հետ, զգում եմ, որ իրենք ուղղակի ուզում են` աշխատանք տանեն, բայց ինչ-որ պատվերներ են կատարում: Հիմա ես չգիտեմ…ինչպես որ պարզվեց, նախկինում բնապահպանության նախարարության ակտը սխալ էր, իրենք սխալ ստուգումներ էին արել: Ինչպես գիտեք, այդ 380 միլիոն ակտը իջավ մինչև 30 միլիոնի, որովհետև սխալ հոդվածներ էին օգտագործել, հոդվածներ, որոնք ընդհանրապես հանքարդյունաբերության տարածքի հետ կապ չունեն, այլ կապ ունեն գյուղատնտեսական տարածքների հետ: Այս ակտի հետ կապված, անկեղծ ասած, չգիտեմ` ինչ տրամադրվածություն ունեն և առանձնապես չի էլ հետաքրքրում, բայց ես գիտեմ, որ ճիշտ չէ Հայաստանի բիզնեսի, նամանավանդ օտարերկրյա ներդրողների հանդեպ, որոնք մեծ գումարներ են ներդնում Հայաստանում բիզնես անելու համար, այսպիսի պահվածք ցուցաբերել: Բայց կարծում եմ, որ դատարանը ցույց կտա, նորմալ գործընթացներ կանցնենք, բացարձակապես կասկած չունեմ, որ մենք հաղթելու ենք դատարանում», ֊ ասել է Ջաբրայանը:
Լրագրողի հարցին, թե արդյոք նրանից փորձում են խլել բիզնեսը, Ջաբրայան պատասխանել է, որ եթե նման ցանկություն կա, ինքը պատրաստակամ է վաճառել հիմնարկը:
«Թող մոտենան ինձ բիզնես առաջարկով, նորմալ գին տան, ես իրենց վաճառեմ հիմնարկը, խնդիր չկա: Բայց, անկեղծ ասած, ես պաշտոնական նման բան չեմ լսել, լրատվական միջոցներից եմ լսել, բայց չեմ կարծում, որ իրականություն է: Բայց բիզնես է, մենք մեծ ներդրումներ ենք արել, բիզնեսը շարունակելու ենք մինչև այն պահը, որ կարող է ձեռնտու լինել մեզ համար, բայց այն պահին, որ ձեռնտու չլինի, կփակենք աշխատանքները:
Ես բազմիցս ասել եմ լրատվամիջոցներով, նույնը ասել եմ և՛ ֆինանսների նախարարին, և՛ ՀՀ վարչապետին: Եթե այդ գումարը բռնագանձվի, ես հաջորդ օրը փակելու եմ հիմնարկը, որովհետև այն այդպիսի շահութաբեր հիմնարկ չէ, որ մենք կարողանանք և՛ վնասով աշխատենք, և՛ սպասենք, որ շահույթի հասնի և, միաժամանակ, այսպիսի անարդար հսկայական գումարներ տուգանք վճարենք», ֊ նշել է «Դանդի փրիշս մեթալս Կապան»֊ի գլխավոր տնօրենը։