Հայաստանում գործող 18 հասարակական կազմակերպություններ և 4 անհատներ միասնական հայտարարությամբ դիմել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով (ԵԽԽՎ)՝ պահանջելով ԲՀԿ նախագահ, ԵԽԽՎ֊ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանից պարտավորցենել բացատրություն տալ ԼԳԲՏ համայնքի դեմ իր խոսքերի կապակցությամբ:
Մասնավորապես, Զոհրաբյանը LGBTnews.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ ԵԽԽՎ֊ում միշտ կոչ է անում դեմ քվեարկել այն նախագծերին, որոնք միտված են ԼԳԲՏ անձանց շահերի պաշտպանությանը:
«Ստացվում է, որ ԲՀԿ նախագահը, իրականցնելով դիրքի չարաշահում և լինելով հանրային վառ կերպար, փորձ է կատարել նպաստել հասարակության շրջանում ԼԳԲՏ անձանց նկատմամբ կարծրատիպերի ամրապնդմանը՝ վերջիններիս պիտակավորելով որպես բժշկությանը թերևս անծանոթ քաղցկեղային մի հիվանդության կրողներ, ովքեր իրենց «մետաստազները կարող են տարածել» հանրության շրջանում: Նաիրա Զոհրաբյանի հայտնածը ոչ միայն վկայում է նրա՝ ԼԳԲՏ անձանց նկատմամբ խտրական վերաբերմունքի մասին, այլև, լինելով պատգամավոր, տիկին Զոհրաբյանը չարաշահում է իր լիազորությունները՝ ազգային և միջազգային ատյաններում քարոզելով ԼԳԲՏ անձանց նկատմամբ ատելություն և ագրեսիվ տրամադրվածություն, ինչը կարող է հանգեցնել նոր անդառնալի ծանր և դաժան հետևանքների: Գտնում ենք, որ ԲՀԿ նախագահ, ԱԺ պատգամավոր տիկին Նաիրա Զոհրաբյանի նման վարքագիծը անթույլատրելի ու անընդունելի է՝ հաշվի առնելով իր պաշտոնական դիրքը, որն ավելի է բարձացնում նրա խոսքերի վտանգավոր հետևանքների առաջացումը», ֊ նշված է հայտարարության մեջ։
Հայտարարության հեղինակները նաև պահանջում են Նաիրա Զոհրաբյանից հրապարակայնորեն ներողություն խնդրել իր հայրենակից ԼԳԲՏ անձանցից՝ նրանց հասցված վիրավորանքի համար, իսկ ԱԺ֊ից՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցը ներկայացնել ՀՀ ԱԺ էթիկայի հանձնաժողովին և վերանայել Հայաստանի ԵԽԽՎ-ի պատվիրակության կազմը։
Հայտարարությունը հեղինակել է «Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ֊ն, դրան միացել են նաև «Երաշխիք» Քաղաքացիական Հասարակության Կենտրոնը, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Գյումրու «Առաջընթաց» Քաղաքացիական Հասարակության Զարգացման Կենտրոնը, «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ֊ն, «Երիտասարդների միացյալ գույներ» ՀԿ֊ն, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ֊ն,«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ֊ն, «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ֊ն, «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ֊ն, «Խաղաղության երկխոսություն» ՀԿ֊ն, «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ֊ն, «Մենք հանուն ժողովրդավարության» ՀԿ֊ն, «Ոչ ցեղասպանություններին» քաղաքացիական նախաձեռնությունը, մի շարք այլ կազմակերպություններ և անհատներ։