Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործով վկաները հրաժարվում են ցուցմունք տալ՝ ասելով, որ ոչինչ չեն տեսել, քնած են եղել։ Այս մասին այսօր ԱԺ֊ում հայտարարել է ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։ Նա ասել է, որ իրեն են դիմել սպանված Բարսեղյանի ծնողները և մտավախություն հայտնել, որ վկաների վրա ճնշում է գործադրում ինստիտուտի պետի սպառազինությունների գծով նախկին տեղակալ, գնդապետ Զարմիկ Մարկոսյանը, ում որդին սպանության գործով կասկածյալներից մեկն է։
«Այդ սենյակում, բացի հանցագործություն կատարած չորսից, այլ զինվորներ ևս եղել են։ Բայց այդ վկաները վախենում են ցուցմուք տալ, ասելով՝ ոչինչ չեն տեսել՝ քնած են եղել։ Դաժանաբար սպանված երեխայի ծնողները մտածում են, որ այդ անձնավորությունը փորձել է վկաների վրա ազդեցություն ունենալ։ Ընդունեք, որ հնարավոր չէ լինել մի սենյակում և այնքան խորը քնած լինել, որ չնկատել՝ ինչպես են նույն սենյակում խոշտանգում, սպանում, այնուհետև սպանված երեխային տանում կախում պտտաձողին»,֊ ասել է Նաիրա Զոհրաբյանը։
Պատասխանելով բարձրացված հարցին՝ Պաշպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանն ասել է, որ դաժան սպանության բացահայտումով շահագրգրված են բոլորը։
«Մեր լիազորությունից դուրս է, սակայն մեր վերաբերմունքից դուրս չէ։ Զինվորական դատախազի դիրքորոշումը, քննչական ծառայության դիրքորոշումը նույնն է՝ խստագույնս մոտենալ հարցին։ Քանի որ սա ոչ միայն հասարակական հնչողություն ունի, այլև մեր Զինված ուժերին վերաբերող հարց է։ Ես չգիտեմ՝ նրա հայրը ինչ լծակ ունի, բայց պիտի որ ոչ մի լծակ չունենա՝ ոչ մի մարմնի նկատմամբ։ Նախարարի կողմից խստագույնս պատժվել է, չեմ կարծում, նա սողանցք գտնի, ինչ֊որ մի տեղ լծակ ունենա։ Մենք հետամուտ ենք լինելու, որ հանկարծ ինչ֊որ մեկը, ինչ֊որ սողանցքով դուրս չմնա»,֊ ասել է Նազարյանը։