Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանությունն այն դեպքերից է, երբ հասարակական կարծիքն առաջ է ընկել քննիչից և դատավորից, գրում է «Հրապարակ» օրաթերթը։ Հոդվածագիր Սյուզան Սիմոնյանը նշում է, որ հանցանքի դաժանությունը՝ Հայկազի մարմինը, խոշտանգված, բազմակի վերքերով, հայտնաբերվել էր պտտաձողի վրա՝ պարանով կախված վիճակում, և այն հանգամանքը, որ մեղադրյալների ծնողներից երկուսը պաշտոնյաներ են, իսկ մեկը՝ Գնելի հայրը, բարձրաստիճան զինվորական, բավական է, որ հանրությունը կողմ լինի այս երկուսի նկատմամբ ամենադաժան վերաբերմունքի և կայացնի իր դատավճիռը՝ ցմահ ազատազրկում գնդապետ Զարմիկ Մարկոսյանի որդու՝ Գնել Թևոսյանի համար։
Ըստ օրաթերթի՝ այս պահանջը տարբեր ԶԼՄ-ներում հնչեցրել են Հայկազ Բարսեղյանի ծնողները՝ հույս հայտնելով, որ գնդապետի որդուն չի հաջողվի խուսափել պատժից։
«Գնդապետի որդին այդ ընթացքում հայտնել է, որ Ռազմական ոստիկանությունում իրեն ծեծի են ենթարկել, և պահանջել է քրեական գործ հարուցել ոստիկանների դեմ, սակայն մերժվել է», – նշում է Սյուզան Սիմոնյանը։
Փաստաբան Արա Զաքարյանը վիճարկել է մերժման որոշումը, սակայն դեռ դատախազությունից պատասխան չունի։ «Դեռ որոշումն ու նյութերն ինձ չեն տրամադրվել, որ ես իմ փաստարկները բերեմ», – փաստաբանի խոսքերն է մեջբերում օրաթերթը։
Նրա խոսքով՝ Գնել Թևոսյանին ծեծել են, սակայն հետքեր տղայի մարմնին չեն եղել․ «Այնպես են բռնությունների ենթարկել, որ տեսանելի հետքեր չթողնեն»։
Կալանավորված Մեսրոպ Ազարյանի փաստաբան Թադևոս Ալեքսանյանն էլ երեկ Վերաքննիչ դատարանում բողոքարկել է իր պաշտպանյալի կալանքը երկարացնելու օրերս ընդունված որոշումը, նա ևս պնդում է, որ իր պաշտպանյալը կապ չունի կատարված սպանության հետ։ ԱԱԾ աշխատակցի որդու՝ Նորայր Սահակյանի փաստաբան Հովիկ Արսենյանը վստահեցնում է, որ ծեծվել են ոչ միայն կասկածյալները, այլև վկաները, և Ռազմական ինստիտուտում վախի մթնոլորտ են ստեղծել։ Նա նաև հայտնեց, որ փորձաքննության պատասխանները կան, որոնց համաձայն տղաները խմած են եղել, սակայն իր պաշտպանյալը պնդում է, որ ալկոհոլ չի օգտագործել։
Զոհվածի հայրը՝ Արկադի Բարսեղյանը, սակայն, չի հավատում կալանավորված Գնել Թևոսյանի և Նորայր Սահակյանի փաստաբանների պնդումներին, թե իրենց պաշտպանյալներն ինստիտուտում, ձերբակալվելուց անմիջապես հետո, բռնության են ենթարկվել։ Իսկ մեղադրյալների պաշտպանները զարմանում են, թե ինչպես է Հայկազ Բարսեղյանի հայրն այնպիսի տեղեկություններ հայտնում մամուլում, որոնք պետք է նախաքննական գաղտնիք հանդիսանային։ «Եվ ինչո՞ւ է քննչական մարմինն այս հանգամանքին մատների արանքով նայում»», – թերթի փոխանցմամբ՝ հարցնում է Արա Զաքարյանը։
Ակնհայտ է, որ գործով ինֆորմացիոն պակաս կա, նշում է Սյուզան Սիմոնյանը․ Քննչական կոմիտեն մինչ օրս ընդամենը հայտնել է, որ սպանության հոդվածով (Քր․ օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետ) գործ է հարուցված, որ կալանավորված են Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը, Գնել Թևոսյանը և Նորիկ Սահակյանը, իսկ ավելի ուշ կալանավորվել է նաև Ռազմական ինստիտուտի սպա, դասակի հրամանատար Արտյոմ Ավետիսյանը, որին մեղադրում են իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության կամ իշխանության անգործության մեջ։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում