Հարավային Օսիայի խորհրդարանի նախագահ Անատոլի Բիբիլովի և ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հանդիպումը կոլեկտիվ հիմարություն էր, որին մասնակցեցին բոլորը։ Epress.am֊ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ռուսաստանցի լրագրող, «Էխո Կավկազա» կայքի վերլուծաբան Վադիմ Դուբնովը։
֊ Բիբիլովը Ղարաբաղ էր գնում՝ հասարակ բան է, ճանապարհին, կարծում եմ, մեկի մտքով անցել է՝ լավ կլինի՝ Գալուստ Սահակյանի հետ հանդիպել։ Եվ կողքը ոչ մեկ չկար, որ խելքը տեղը գցի։ Չեմ կարծում, որ դա ծրագրված սադրանք էր․ ամեն ինչ այնքան անհեթեթ է, որ դժվար թե որևէ նպատակ կարող է այդ անհեթեթությունն արդարացնել։ Մոսկվան, իհարկե, կարող էր Երևանին խնդրել այդ հանդիպման համար, բայց չեմ կարծում, թե դա լուրջ որևէ մեկն է արել։ Անգամ եթե Մոսկվան է, ապա ինչ֊որ աննշան բաժնի մակարդակով, որը զբվաղվում է Հարավային Օսիայով։ Մեզ մոտ նման բան հնարավոր է։ Ավելի վատ է այն, որ Երևանում այդ պահին խելամիտ մեկը չկար, որ Գալուստ Սահակյանին պարզ բաներ կբացատրեր։
֊ Հնարավո՞ր է, որ դա Երևանի վրեժն էր այն բանի համար, որ Վրաստանի ղեկավարները չայցելեցին Ցեղասպանության 100֊ամյա տարելիցի միջոցառումներին։
Վրեժ՝ հնարավոր է, բայց ոչ պաշտոնական մակարդակով մտածված։ Ուղղակի ինչ֊որ մեկը որոշել է, որ այդպես կարելի է։ Ես կարծում եմ, որ Թբիլիսին կուլուարներում բացատրել է չգալու պատճառները, որոնք հասկանալի են։ Չեմ կարծում, թե Երևանը քեն է պահել։ Համենայնդեպս, այնպիսի ճչացող ձևով, որ գիտակցաբար փչացնի հարաբերությունները Թբիլիսիի հետ։ Մի խոսքով՝ այդպես ստացվեց։ Ես, ի դեպ, հնարավոր եմ համարում, որ Մոսկվայում էլ զմայլված չեն այն փաստից, որ իրենց վրա կարող են մտածել։
֊ Արդյո՞ք կարելի է հայ֊վրացական հարաբերությունները դիտարկել որպես Երևանի արտաքին քաղաքականության ինքնուրույն դրսևորում (Աբխազիայի և Հարավային Օսիայի չճանաչելը, 2008-ի օգոստոսյան պատերազմին 102-րդ ռազմաբազայի մասնակցությունը թույլ չտալը)։
֊ Անկեղծ ասաց, այդ վերջինը ես չէի վերագրի հայաստանյան իշխանություններին։ Եթե Մոսկվան որոշեր օգտագործել այն, դժվար թե Երևանը կարողանար խոչընդոտել։ Լավ է, որ Մոսկվան այդքան խելք ունեցավ դա չանելու համար։ Կարծում եմ՝ այստեղ Հայաստանը որոշակի ինքնուրույնություն պահում է, բայց Մոսկվան դեռ լուրջ ճնշում չի գործադրում, չնայած մեզ մոտ որոշ մարդիկ սիրում են Ջավախքի մասին ակնարկներ անել։ Կարծում եմ՝ դա պարզապես արդիական չէ, Կրեմլին առայժմ հարկավոր չէ Վրաստանի վրա ճնշման նման գործոն կիրառել։ Բայց եթե այնտեղ՝ Կրեմլում, ինչ֊որ մեկը կրկին խելքը թռցնի, Երևանը, հնարավոր է, չի կարողանա իրավիճակը հսկողության տակ պահել։ Բայց, կրկնում եմ, դա դեռևս քիչ հավանական է թվում։
֊ Բիբիլով֊Սահակյան միջադեպը սպառվա՞ծ է։ Ինչո՞վ կարող է պատասխանել Թբիլիսին։
֊ Ինձ թվում է, որ այն սպառված չէ, բայց հայաստանյան կողմի ջանքերով այն հարթվում է, և վրացիները, կարծում եմ, կսահմանափակվեն ֆորմալ բողոքներով։ Հարաբերությունները չափից դուրս ոչ իդեալական են, որպեսզի Թբիլիսին և Երևանը էմոցիաներով առաջնորդվեն։ Հայերին ընդհանրապես ձեռնտու չէ վիճել վրացիների հետ։ Վրացիներին էլ լրացուցիչ լարվածություն հարկավոր չէ։ Գուցե միայն փիառի համար, բայց հակահայկական ռեսուրսը, որը, իհարկե, կա, քաղաքական իմաստով բավականաչափ առասպելականացված է։
Եվրասիական եղբայրության պայմաններում, որը Հայաստանի համար կարող է նոր շրջափակման ձև ստանալ, երկրին աշխարհ և դեպի ծով դուրս գալու ելք է հարկավոր։ Բացի դա, Վրաստանի հետ թշնամանքը Հայաստանին Ռուսաստանից վերջնական և ավելի ճակատագրական կախվածության մեջ կդնի։ Իսկ ներկայիս Թբիլիսին չի սիրում որևէ մեկի հետ հարաբերություններ փչացնել։ Նրանք հավասարակշռված արտաքին քաղաքականություն են նախընտրում։ Ադրբեջանի հետ բնական մերձեցումը ներկայիս Թբիլիսին միշտ էլ, գոնե արտաքուստ, փորձում է ինչ֊որ կերպ կոմպենսացնել Հայաստանի հետ հարաբերություններն առնվազն չվատթարացնելով։