Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է երկրի նախորդ նախագահ Աբդուլլահ Գյուլին 2008 թվականին Թուրքիայի և Հայաստանի ազգային հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպմանը ներկա գտնվելու համար, ինչն այն ժամանակ Հայաստանի ու Թուրքիայի միջև ծավալված «ֆուտբոլային դիվանագիտության» մաս դարձավ։
Ինչպես հաղորդում է թուրքական Today's Zaman պարբերականը, ելույթ ունենալով 1915-ին թվականի հայերի զանգվածային սպանությունների շուրջ Թուրքիայի նախագահական նստավայրում կազմակերպված քննարկմանը՝ Էրդողանը Գյուլին այս անգամ թիրախավորել է տարիներ առաջ Երևան այցելելու ու ֆուտբոլային հանդիպմանը ներկա գտնվելու համար։ Գյուլը առաջին թուրք նախագահն է, ով ոտք է դրել Հայաստան 1991 թվականին երկրի՝ անկախություն ձեռք բերելուց ի վեր։
Քննարկմանը ներկա պատմաբաններից մեկի խոսքով՝ Էրդողանն ասել է, որ Գյուլի այցը միայն առավելություն է տվել հայերին ու դիվանագիտական տեսանկյունից որևէ էական արդյունք չի ունեցել։
2008 թվականին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Գյուլին հրավիրել էր Երևան՝ Թուրքիայի և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների միջև Աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղը դիտելու։ Մեկ տարի անց Սարգսյանը պատասխան այցով մեկնել էր Բուրսա՝ դիտելու Թուրքիա֊Հայաստան հանդիպումը։
«Գյուլի շրջադարձային այցը Երևան ճանապարհ հարթեց դիվանագիտական առաջընթացի համար երկու երկրների միջև, որոնք չունեն որևէ դիվանագիտական հարաբերություններ, չնայած Թուրքիան առաջին երկրներից էր, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը»,֊ գրում է Today's Zaman կայքը։