Home / Հայաստան / Դատախազը ցուցում է տվել Սյունիքի մարզպետի որդու մասնակցությամբ ծեծկռտուքին ներկաներին բերման ենթարկել

Դատախազը ցուցում է տվել Սյունիքի մարզպետի որդու մասնակցությամբ ծեծկռտուքին ներկաներին բերման ենթարկել

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը ցուցում է տվել Գորիսում մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ ծեծկռտուքի առթիվ հարուցված քրեական գործով բերման ենթարկել բոլոր այն անձանց, որոնք «պատշաճ կարգով հրավիրվել են նախաքննական մարմին, սակայն չեն ներկայացել»: Այս մասին հայտնում է ՀՀ դատախազության կայքը։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրեական գործ հարուցելուց հետո անցել է 7 օր, սակայն վիճաբանության մասնակիցները կամ վկաները մինչ օրս նախաքննական մարմին չեն ներկայացել, իսկ նրանց հրավիրելու նպատակով ձեռնարկված միջոցառումները եղել են ոչ արդյունավետ, ուստի գործով հսկողություն իրականացնող դատախազը քննչական մարմնին ցուցում է տվել մի շարք անձանց բերման ենթարկելու վերաբերյալ որոշումներ կայացնել»,֊ասված է հայտարարության մեջ։

Նշենք, որ ծեծկռտուքի հետևանքով տուժած 32-ամյա Հարություն Զաքարյանի հայրը՝ Գագիկ Զաքարյանը, հայտարարել է, որ որդուն ծեծել է Սուրիկ Խաչատրյանի որդի Տիգրան Խաչատրյանն՝ ընկերների հետ։ Չնայած դրան, Տիգրան Խաչատրյանին րչեն հարցաքննել, գործով ձերբակալվածներ չկան։ Նա նաև ասել է, որ Հարությունից բացի, ծեծի է ենթարկվել նաև նրա ավագ եղբայրը: Հարություն Զաքարյանը ծեծի հետաևանքով կորցրել է աջ աչքի տեսողությունը։

Սյունիքի մարզային դատախազությունը հարուցել էր քրեական գործ 258-րդ հոդվածի 3-րդ մասի (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) հատկանիշներով։