ՀՀ վարչական դատարանը մասնակիորեն բավարարել է քաղաքագետ, քաղաքացիական ակտիվիստ Բաբկեն Տեր-Գրիգորյանի հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանության։ Այս մասին հայտնում է Հելսինկյան կոմիտեի կայքը։
Հայցվորը պահանջում էր ՀՀ ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչել։
Գործը վերաբերում էր 2013թ. օգոստոսի 24-ին Տեր֊Գրիգորյանին` ի թիվս այլ ակտիվիստների, քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիայից բերման ենթարկելուն։ Այդ օրը Ոստիկանությունը բերման էր ենթարկվել նաև Կոմիտաս 5 հասցեում բարձրահարկ կառուցելու ծրագրի դեմ պայքարով քաղաքացիների։
«2013թ. օգոստոսի 24-ին Բաբկեն Տեր-Գրիգորյանը մասնակցել էր Երևանի քաղաքապետարանի մոտ ընդդեմ ներքաղաքային տրանսպորտի թանկացման բողոքի ակցիային: Բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանները Տեր-Գրիգորյանին ձերբակալել և տարել էին ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղ նրա նկատմամբ հարուցվել էր վարչական վարույթ ՀՀ վարչական օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը:
Նշվածի կապակցությամբ Տեր-Գրիգորյանը հայց էր ներկայացրել ընդդեմ ոստիկանության` պահանջելով ճանաչել իր կարծիքն ազատ արտահայտելու, խոսքի ազատության, միավորումներ կազմելու (խաղաղ հավաքների ազատության), ազատ տեղաշարժվելու, անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքների խախտման փաստը և ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ ոստիկանության գործողությունները»,֊ նշում են իրավապաշտպանները։
Epress.am֊ի հետ զրույցում Տեր֊Գրիգորյանի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը պարզաբանել է, որ դատարանը բավարարել է հայցի բոլոր պահանջները, բացառությամբ մեկի՝ դատավորը ոչ իրավաչափ չի համարել այն, որ ոստիկանները չեն առաջարկել քաղաքացուն նրան ոստիկանությունից հետ տանել ակցիայի անցկացման վայր՝ քաղաքապետարանի դիմաց։
Հիշեցնենք, որ ակտիվիստի ոստիկանության դեմ մեկ այլ բողոք ևս բավարարվել է։ Նա ոստիկանների գործողությունները վիճարկել էր նաև օգոստոսի 23֊ին իրեն բերման ենթարկելու կապակցությամբ։
Արդեն նախկին դատավոր Ռոբերտ Սարգսյանը այդ օրվա մասով ոստիկանների գործողությունները ևս համարել էր ոչ իրավաչափ։