Home / Հայաստան / Հեռուստատեսության թվայնացումը կհետաձգեն միջոցների բացակայության պատճառով․ «Ժողովուրդ»

Հեռուստատեսության թվայնացումը կհետաձգեն միջոցների բացակայության պատճառով․ «Ժողովուրդ»

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը պատրաստվում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ՝ առաջարկելով փոփոխություններ կատարել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում: Ինչպես գրում է «Ժողովուրդ» օրաթերթը, վաղը կառավարությանն առաջարկվող փոփոխության նպատակը հեռուստատեսության թվային հեռարձակման անցման ժամկետը վեց ամսով՝ մինչև 2016 թվականի հունվարի 1-ը հետաձգելն է: Գործող օրենքով այդ անցումը պետք է ավարտվի այս տարվա հուլիսի 1-ին:

Նախագծին կցված հիմնավորման համաձայն՝ անալոգայինից թվային հեռարձակման անցման աշխատանքներն արդեն 90 տոկոսով ավարտված են, իսկ հետաձգումն անհրաժեշտ է՝ հեռարձակման փոփոխության հետ կապված սոցիալական խնդիրները լուծելու համար: Ինչպես հայտնի է՝ հին հեռուստացույցները թվային ազդակները չեն ընդունում, և նման հեռուստացույց ունեցող քաղաքացիներին հարկավոր է լինելու հատուկ սարք ձեռք բերել՝ հեռուստաեթերը դիտելու համար:

«Ի սկզբանե հայտարարվել է, որ սոցիալապես անապահով ընտանիքներին այդ սարքերը պետությունն անվճար կտրամադրի: Այս նախագիծը վկայում է այն մասին, որ պետբյուջեում ներկայումս համապատասխան միջոցներ չկան, և փող գտնելու համար ժամանակ է հարկավոր», – նշում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում