ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն գաղափարը, թե Հայաստանը կարող է կամուրջ դառնալ Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև, իրագործելի չէ։ Այս մասին «168 ժամ» պարբերականի հետ զրույցում ասել է ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան Վադիմ Դուբնովը։ Նրա խոսքով՝ կամուրջների դեպքում ափեր են անհրաժեշտ։
«Այս դեպքում Իրանի ափը տեսնում եմ, բայց մյուս ափը ճահճոտ է, անորոշ, և Սարգսյանի գործողությունները և գաղափարը կարող են իրագործվել միայն կիսով չափ», ֊ ասել է Դուբնովը։
Անդրադառնալով առաջիկա օրերին Ռիգայում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովին և տեղեկություններին, թե միջոցառման ընթացքում տրվելու է Հայաստան֊ԵՄ համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկը, Դուբնովը նշել է, որ Մոսկվան այդ հեռանկարներով, բնականաբար, հիացած չէ։ Բայց նրա համոզմամբ՝ Մոսկվան Սերժ Սարգսյանի հետ արդեն պայմանմավորվել է։
«Ուստի կարծում եմ, որ այդ քաղաքական համաձայնագրի բովանդակությունը բացարձակապես որևէ նշանակություն չի ունենալու։ Լինելու են հերթական ընդհանուր ձևակերպումներ, որ Հայատսանը հանձնառու է իրականացնել բարեփոխումներ, պայքարելու է ժողովրդավարական ինստիտուտների ձևավորման և այլնի համար։ Համաձայնագիրը կունենա նման ձևակերպումներ, և դրանց Մոսկվան համաձայն է լինելու։ Հայաստանը նման ձևաչափով կշարունակի համագործակցությունը Եվրոպայի հետ, այսնինքն՝ այդ համագործակցությունը կունենա նման մի մակարդակ, որը քաղաքական կոչելը դժվար է», ֊ ասել է Դուբնովը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում