19-ամյա Արշակ Մարտիրոսյանը, որը մեղադրվում էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանին ծաղրուծանակի ենթարկելու մեջ, մեղավոր է ճանաչվել ու դատապարտվել 2 ամսվա կալանքի, որը ՔՕ 70-րդ հոդվածի համաձայն պայմանականորեն չի կիրառվի, գրում է News.am-ը։ Մարտիրոսյանի նկատմամբ սահմանվել է փորձաշրջան 1 տարի ժամկետով, որի վերահսկողությունը հանձնվել է զորամասի համապատասխան բաժնի ստորաբաժանմանը։ Դատարանը վերացրել է Արշակ Մարտիրոսյանի նկատմամբ հրամատարական հսկողությունը։
Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր նման որոշում է կայացրել՝ կիրառելով արագացված դատավարության կարգ։
Գործով մեղադրողը՝ Տիգրան Հարությունյանը նման պատիժ էր պահանջել մեղադրական ճառի ժամանակ՝ հաշվի առնելով մեղմացուցիչ հանգամանքները։ Որպես մեղմացուցիչ հանգամանքեր մեղադրողը նշել էր Արշակ Մարտրոսյանի անձը բնութագրող հատկանիշները, նախկինում դատված չլինելը, իր մեղքն ընդունելը և այն, որ նա ուսումնառության մեջ է գտնվում և ապագա սպա է։
Վերջին խոսքի ժամանակ Արշակ Մարտիրոսյանը մի քանի անգամ կրկնել է, որ զղջում է իր արարքի համար։
Ավելի վաղ հարուցված քրեական գործով կալանավորվել էին Հայկազ Բարսեղյանի 4 ծառայակիցներ Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը, Գնել Թևոսյանը և Նորիկ Սահակյանը։ «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ Գնել Թևոսյանը ռազմական ինստիտուտի պետի սպառազինությունների գծով տեղակալ, գնդապետ Զարմիկ Մարկոսյանի որդին է:
Սպանված կուրսանտի հայրը՝ Արկադի Բարսեղյանը, պատմել էր, որ իր որդին սպանվել է քնած ժամանակ։ Այդ տեղեկությունը նրան քննիչներն են հաղորդել։
«Դեպքը՝ սպանությունը, գիշերն է եղել։ Հերթապահն ասել է, որ երեք անց կես շրջել է ննջարաններով, Հայկազը այդ ժամանակ քնած է եղել: Իսկ հետո ինքն էլ է գնացել քնելու, ու գործողությունը կատարել են հերթապահի ստուգումներից հետո: Այդ օրը բանակի օրն էին նշել: Ամեն ինչ հանգիստ է թվացել, ինքն էլ երեքից հետո հանգիստ գնացել է՝ քնի: Այդ մասին ինձ պետն է ասել: Ասաց՝ բերանը փակել են շորով, դանակով հարվածել են թևին, նոր վերջում տարել կախել են: Դեմքին՝ շրթունքի վերևի հատվածում, խփված էր, ու լավ գրիմ արած էր, ձախ այտի վրա հետք կար՝ գրիմով փակած էր: Թևերը՝ մինչև արմուկները արյան մեջ են եղել:
Ասացին, որ մահացել է շնչահեղձ լինելուց, քանի որ բերանը փակել են: Երեխիս տանջամահ են արել, հետո տարել, կախել են: ինձ թվում է՝ մահացած է եղել, նոր տարել են, որ կախեն իմիտացիա ստեղծեն, որ իբր կախված ա», ֊ ասել էր Արկադի Բարսեղյանը:
Հիշեցնենք, որ սպանությունից հետո Ռազմական ինստիտուտի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանն աշխատանքից ազատվել էր։ Այդ պաշտոնում նշանակվել է գեներալ֊մայոր Արմեն Ղահրամանյանը։