Երեկվա լրահոսը հեղեղված էր լուրերով, թե ինչպես է այս կամ այն պաշտոնյան որևէ դպրոց գնացել, մասնակցել «Վերջին զանգի» միջոցառմանը, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ նշելով, որ ընտրված դպրոցները բոլորը լավ կահավորված և գեղեցիկ զարդարված էին:
«Իսկ Հայաստանի մի շարք գյուղերում երեկ վերջին զանգ չեն նշել, որովհետև ոչ շրջանավարտ ունեն և ո՛չ էլ դպրոց: Պաշտոնյաները, գուցե, այդ գյուղերն այցելեին: Ասենք՝ Սյունիքի մարզի Շրվենանց գյուղը, նախկինում ունեցել է 400 աշակերտ, այժմ դպրոցը փակվել է: Արմավիրի մարզի Կողբավան, Արագածոտնի մարզի Օթևան համայնքները արդեն մի քանի տարի է՝ դպրոց չունեն», ֊ նշում է թերթը:
Շիրակի մարզի Լեռնագյուղ համայնքը 14 տարի է՝ ո՛չ դպրոց ունի, ո՛չ էլ աշակերտ: «Ծերերն են մնացել գյուղում, իսկ երիտասարդներն էլ քաղաքից չեն գալիս գյուղ: Այս տարի գյուղապետարանի հաշվապահն է երեխա ունեցել, հեսա մեծանա, հասնի դպրոցական տարիքի, գյուղից կգնա: Դրսից բերած հարս է, դեռ մնում է գյուղում: Էրեխեքը մեծանան, ինքն էլ կէրթա»,- թերթի թղթակցի հետ զրույցում ասել է Լեռնագյուղի գյուղապետ Հմայակ Մարտիրոսյանը։