«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» իրավապաշտպան կազմակերպությունը զորակոչիկների իրավունքների պաշտպանության նպատակով 2015 թվականի նախազորակոչային ժամանակահատվածում և զորակոչի ընթացքում զորակոչիկներին և նրանց հարազատներին տրամադրելու է անվճար իրավական աջակցություն՝ իրավաբանական խորհրդատվություն, անհրաժեշտ փաստաթղթերի կազմում, հարցումների իրականացում:
Կազմակերպությունը տարածած հաղոդագրության մեջ նշում է, որ իրենց կարող են դիմել նաև բոլոր այն զորակոչիկները, ովքեր ունեն առողջական խնդիրներ և համաձայն չեն բժշկական հանձնաժողովների կողմից իրենց առողջական վիճակի վերաբերյալ կայացված որոշումների հետ:
«Անհամաձայնության դեպքում կազմակերպությունը կապահովի բժիշկ-փորձագետի կողմից նրանց առողջական վիճակի բժշկական հետազոտության արդյունքների մասին տվյալների ուսումնասիրությունը և համապատասխան եզրակացության տրամադրումը, որի հիման վրա զորակոչիկները կարող են վիճարկել զինծառայությանը իրենց պիտանի ճանաչելու օրինականության հարցը», ֊ նշում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:
Աջակցություն ստանալ ցանկացողները կարող են դիմել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ (հասցե՝ ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 59), ամեն օր, ժամը 9:30-ից -18:30 կամ զանգահարել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանին (0322/ 4 22 68 հեռախոսահամարին կամ 0 8000 12 11 անվճար թեժ հեռախոսագծին)։