Home / Հայաստան / Թուրքիայում պահանջում են պատժել բռնի անհետացումների պատասխանատուներին

Թուրքիայում պահանջում են պատժել բռնի անհետացումների պատասխանատուներին

Թուրքիայի Մարդու իրավունքների ասոցիացիայի անդամներն ու բռնության հետևանքով անհետացած անձանց ընտանիքների անդամները վերջին օրերին ցույցեր են կազմակերպում՝ բռնի անհետացումների դեմ պայքարի միջազգային շաբաթվա շրջանակում։ Ցուցարարները պահանջում են՝ իրենց հարազատների անհետացումների համար պատասխանատուները բացահայտվեն ու պատժի ենթարկվեն, հայտնում է թուրքական «Բիանետ» լրատվականը։

Մարդու իրավունքների ասոցիացիայի համաձայն, մինչ օրս հայտնաբերվել է 348 զանգվածային գերեզման՝ 4201 մարդու ոսկորներով։ Ասոցիացիան այս առնչությամբ տարածել է հայտարարություն, որի մեջ, մասնավորապես, ասված է․

«Թուրքիան պետք է առերեսվի իր անցյալին (բռնի տարհանումներ, խոշտանգումներ, մարդկության դեմ հանցագործություններ, ցեղասպանություն, պատերազմի օրենքների խախտումներ, չբացահայտված սպանություններ, արտադատական մահապատիժներ)։

֊ Պետք է ընդունի օրենք։ Ստեղծի ճշմարտության և հաշտեցման հանձնաժողով՝ օժտված լայն լիազորություններով,

֊ Թուրքիան պետք է միանա ՄԱԿ֊ի՝ Բռնությամբ անհետացած բոլոր անձանց պաշտպանության մասին միջազգային կոնվենցիային,

֊ Թուրքիան պետք է արգելի բռնի անհետացումն ու դա ճանաչի որպես հանցագործություն մարդկության դեմ։

֊ Թուրքիան պետք է բացի զանգվածային գերեզմանները՝ համագործակցելով իրավապաշտպան կազմակերպությունների հետ,

֊ Պետք է ստեղծվեն ԴՆԹ բանկեր,

֊ Դատախազները պետք է պաշտոնապես բացահայտեն հանցագործներին անվտանգության ու ոստիկանության ծառայությունների ներսում,

֊ «Ներքին անվտանգության մասին» օրենքը պետք է վերացվի, որպեսզի թույլ չտրվի նման դեպքերի կրկնությունը,

֊ Հանրային ծառայողների վերաբերյալ անպատժելիության քաղաքականությունը պետք է վերացվի»։

Մարդու իրավունքների ասոցիացիան ներկայացրել է զանգվածային գերեզմանների վայրերի քարտեզը, որոնց մեծ մասը գտնվում է երկրի արևելքում՝ այն տարածքներում, որտեղ նախկինում բնակվել են հայերը, իսկ ներկայումս այդ հատվածում գերակշռում է քրդական բնակչությունը։

1map