Home / Հայաստան / Ադրբեջանից Հայաստան վերադարձած ամուսիններին համոզել են չնետվել 11-րդ հարկից․ Shamshyan.com

Ադրբեջանից Հայաստան վերադարձած ամուսիններին համոզել են չնետվել 11-րդ հարկից․ Shamshyan.com

Ադրբեջանից վերադարձած 5 հոգուց բաղկացած ընտանիքի անդամներից երկուսը՝ ամուսիններ Եղիշե Գևորգյանը և Ռուզաննա Մարդանյանը, այսօր 15։30-ի սահմաններում Ոսկու շուկայի հարևանությամբ գտնվող Մովսես Խորենացի փողոցի թիվ 25 11 հարկանի շենքի տանիք են բարձրացել և սպառնում են ցած նետվել, հայտնում է Shamshyan.com-ը։ 

Ոստիկաններն ու փրկարարները 1,5 ժամ տևած բանակցություններից հետո ամուսիններին համոզել են չդիմել նման քայլի։ Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի՝ նրանց պահանջն այն էր, որ Կենտրոնի կանաչապատման աշխատակիցներն իրենց տան մոտ եղած վարդերն արմատախիլ անեն, քանի որ այդ տարածքն իրենց պապական տարածքն է եղել, և ամուսինները այդ վայրում պետք է իրենց ավտոմեքենան կանգնեցնեն:

Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ ամուսիններն ամիսներ առաջ մամուլի ուշադրության կենտրոնում էին հայտնվել, երբ 2010 թվականին իրենց 3 անչափահաս՝ 7,6 և 3 տարեկան երեխաների հետ կամովին հատել էին հայ-ադրբեջանական սահմանը և հայտնվել Նախիջևանի տարածքում, իսկ Հայաստան նրանց ընտանիքը վերադարձել էր 2014 թվականի դեկտեմբերի 12-ին՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ:

Մարտին ամուսիններին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով՝ առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության ՀՀ պահպանվող պետական սահմանը հատելը։