Home / Հայաստան / Արամ Մանուկյանին ծեծողի համար 2 ամսվա կալանք են պահանջել․ «Ա1+»

Արամ Մանուկյանին ծեծողի համար 2 ամսվա կալանք են պահանջել․ «Ա1+»

ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար, «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանի վրա հարձակվելու գործով մեղադրող Գագիկ Մարգարյանն այսօր դատարանին միջնորդել է մեղադրյալ Արշակ Սվազյանին դատապարտել 2 ամսվա կալանքի, հայտնում է «A1+»-ը։

Արշակ Սվազյանի պաշտպան Լիանա Բալյանն էլ իր ճառում միջնորդել է հաշվի առնել այն հանգամանքները, որ իր պաշտպանյալը տան միակ աշխատողն է, որդին ծառայում է զինված ուժերում և Արամ Մանուկյանին հարվածել է` նրա վարքագծից դրդված: Լիանա Բալյանը միջնորդել է նրա նկատմամբ նվազագույն պատիժ սահմանել տուգանքը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ի երեկոյան Մանուկյանի բնակության վայրում՝ Սոսեի 2/2 հասցեում գտնվող շենքի շքամուտքում տղամարդը հարձակվել էր պատգամավորի վրա, ոչինչ չասելով՝ դեմքին հարված է հասցրել ու փախել։ Մանուկյանի դեմքին՝ աջ աչքի շրջանում, պատռվածք է եղել։

News.am կայքի աղբյուրների համաձայն, «Արշակը պատմել է, որ ինքը ընդամենը «հայրենասիրական ապտակ» է հասցրել Արամ Մանուկյանին․ նախապես իմացել է պատգամավորի տեղը, դարանակալել և հարվածել դեմքին»: Կայքում տեղադրված նյութի նախնական տարբերակում նաև նշված է եղել, որ Ռուսաստանում աշխատելու ժամանակ թուրքերը և ադրբեջանցիները հայերին ծաղրել են՝ ասելով, թե «ձեր երկրում տղամարդ չկա, վիրավորում և հայհոյում են նախագահին: Արշակը պատմել է, որ այդ խոսքերը իրեն «թասիբի են գցել» և, տեսնելով Արամ Մանուկյանի ելույթները և հնչեցրած խոսքերը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին՝ որոշել է ՀԱԿ պատգամավորին «մի լավ դաս տալ»: