Շուտով պետական գնումների ոլորտում, ամենայն հավանականությամբ, լուրջ փոփոխություններ տեղի կունենան, «Թանկից ցածրորակը չկա» հոդվածում գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ նշելով, որ գնումների մասին իրավական ակտերում կատարվել է մի փոփոխություն, որի հետևանքերը դեռ դժվար է կանխատեսել։
««Գնումների գործընթացի կազմակերպման կարգ» անվանումով այդ փաստաթղթում, որը նկարագրում է, թե ինչպես պետք է իրականացվեն, ասենք, բյուջեից իրականացվող գնումները, ներառված է մի այսպիսի կետ․ «․․․գնային առաջարկների գնահատման և համեմատման ընթացքում Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների արտադրության ապրանքներ առաջարկող մասնակիցներն ունեն 15 տոկոս գնային առավելություն․․․»։
Եվ ուրեմն՝ ի՞նչ է ստացվում։ Ասենք՝ կառավարությունը որոշել է գերատեսչությունների համար ձեռք բերել գրասեղաններ և այդ ապրանքի գնումներն իրականացնելու համար հայտարարում է մրցույթ։ Դա «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջն է։ Մրցույթին մասնակցող ընկերություններն առաջարկ են ներկայացնում։ Ով առաջարկում է այդ ապրանքն ավելի ցածր գնով, նա էլ համարվում է հաղթող և ստանում տվյալ ապրանքը մատակարարելու իրավունքը։ Համենայն դեպս, այդպիսին է գնումների մասին օրենսդրության տրամաբանությունը»,֊ գրում է «ՀԺ»֊ն։
Գործընթացի կազմակերպման կարգում կատարելով նման փոփոխություն, թերթի համաձայն, արմատապես աղճատվում է օրենսդրության այդ տրամաբանությունը։ Եթե A ընկերությունը կառավարությանն առաջարկում է Գերմանիայի, Ճապոնիայի կամ Նորվեգիայի արտադրության գրասեղան յուրաքանչյուրը, ասենք, 100 հազար դրամով, իսկ մեկ այլ՝ B ընկերությունն առաջարկում է բելառուսական, ղազախական, հայկական կամ ռուսական արտադրության գրասեղան 114 հազար դրամով, ապա հաղթում է այդ B ընկերությունը։
«Ստացվում է, որ պետությունն սկսում է գնել 15 տոկոսով ավելի թանկ ապրանքներ։ Եվ այստեղ խնդիրը միայն գինը չէ։ Թերևս, որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ եվրոպական ապրանքները շատ ու շատ բարձր որակ ունեն, քան ԵՏՄ անդամ երկրների արտադրանքն է։ Այսինքն՝ «Գնումների գործընթացի կազմակերպման կարգում» կատարված այս փոփոխությունը բերելու է նրան, որ պետբյուջեից հատկացված գումարներով կգնվեն ավելի ցածրորակ ապրանքներ ավելի բարձր գնով»,֊ ընդգծում է թերթը։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում