ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ցանկանում է հասնել նրան, որ Հայաստանի հանրապետական նշանակության մշակութային հուշարձանների ցանկը սահմանվի օրենքով։ Կառավարությունը, սակայն, դեմ է, գրում է «168 ժամ» օրաթերթը։
Ինչու է կառավարությունը խուսափում պահպանվող հուշարձանների ցանկն օրենքով սահմանելուց հարցին, պատգամավորը պատասխանել է, թե դրան շատ պարզ բացատրություն կա.
«Կառավարությունը հնարավորություն ունի հուշարձանների ցանկից հանել իր ուզած օբյեկտները, քանդել և տեղը հյուրանոց կառուցել, ինչը հենց հիմա անում են։ Շրջեք քաղաքի կենտրոնական փողոցներով, տեսեք՝ քանի հուշարձան է այս պահին ավերվում։ Աբովյան փողոցով իջեք, տեսեք՝ հին շենքերից բան մնացե՞լ է, թե՞ ոչ։ Սևան֊Երևան մայրուղով գնացեք, տեսեք՝ ինչ վայրագությամբ են ոչնչացրել հին, գեղեցիկ պղնձե հուշարձանը։
«Դվին» հյուրանոցի առջև ոչնչացրել են Շիրազի գեղեցիկ շուրջպարը։ Մինչև 2004 թվական ԱԺ֊ն է հաստատել ցանկը։ Ես եղել եմ Գերագույն խորհրդի պատգամավոր, մենք ենք օրենք ընդունել, որ ցուցակը պետք է հաստատի ԳԽ֊ն, հետո՝ ԱԺ֊ն։ Դրանից ազնիվ մարդկային որոշում կարո՞ղ է լինել, որ հուշարձանները պաշտպանում ես բարձր ատյանում, որևէ անցողիկ գող նախարար իրավունք չունենա հուշարձանների ցանկից իր հասկացողությամբ օբյեկտ հանի, ավերի, ռեստորան դարձնի։ Մեր առաջարկն ընդամենն այս է՝ պահպանել աշխարհում եղած ադաթը, պահպանել մինչև 2004թ․ ՀՀ֊ում գործող ադաթը, լուրջ անշարժ հուշարձանները բերել հանրապետական կարգի՝ ցանկը հաստատելով ԱԺ֊ւոմ։ Ես մշակույթի փոխնախարար եմ եղել, այդ ժամանակ մի հատ հուշարձան չի օտարվել, անգամ՝ շարժական։ 2001 թվին Ռոբերտ Քոչարյանը, որ մի բեռնատարով 11-րդ դարի ձեռագրեր ու ավետարաններ տարավ գերմանացիներին նվեր՝ շրջանցելով օրենքը, նույն հոգեբանությամբ հանեց այդ օրենքը, ըստ երևույթին, նաև Հյուսիսային պողոտայի հուշարձանների ավերումն օրինականացնելու համար։ Հիմա հ/կ֊ները, քաղաքացիական խբմերը կազմել են այն ցուցակները, որ այս տարիների ընթացքում ոչնչացվել են՝ շուրջ 100 հուշարձաններ, որ քանդվել են՝ պետք է հետո վերականգնվեն, կամ քանդման գործընթացի մեջ են։ Եթե դրա դեմը չառնենք, Երևանը կզրկվի շատ աղքատիկ իր պատմական հուշարձաններից։ Մենք ընդամենն ունենք 19-րդ դարի հուշարձաններ, դրանից այն կողմ գրեթե ոչինչ չունենք։ Եվ այս որկրամոլներն ուզում են դրանք էլ ոչնչացնել»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում