հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Իրան֊Հայաստան գազատարի 40 կմ֊ոց հատվածը Հայաստանը վաճառում է «Գազպրոմ»֊ին․ azatutyun.am

Իրան֊Հայաստան գազատարի 40 կմ֊ոց հատվածը Հայաստանը վաճառում է «Գազպրոմ»֊ին․ azatutyun.am

Իրան – Հայաստան գազատարի Մեղրի – Քաջարան հատվածը վաճառվում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը (ռուսաստանյան «Գազպրոմի» դուստր ընկերություն)։ Նախնական պայմանագիրն արդեն կնքված է։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արա Սիմոնյանը։

Գազատարի 40 կիլոմետրանոց այդ հատվածի սեփականատերը դեռևս «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ֊ն է, որը պետական ընկերություն է։ Այժմ «Գազպրոմ Արմենիա»-ն վարձակալում է գազատարի Մեղրի – Քաջարան 40 կիլոմետրանոց հատվածը։ Գործարքից հետո գազի տեղափոխման, բաշխման ողջ համակարգը կդառնա «Գազպրոմ Արմենիա»-ի սեփականությունը:

«Նա մասնագիտացված կառույց է, և էլ ո՞վ, եթե նա չպետք է իրականացնի այդ ծառայությունները։ Էներգետիկ բնագավառի այդպիսի ծախսերը, մենք գտնում ենք, որ շատ ավելի արդյունավետ է, երբ որ կատարում է ոչ թե պետությունը, այլ մասնավոր ընկերությունները», – ասել է փոխնախարարը։

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի խոսքով, Հայաստանը խորհրդային տարիներին ունեցել է գազի տեղափոխման ծառայութուն․ բնագավառում նորեկ չէ, ուստի կարող էր ծառայութուն մատուցող այդպիսի մի ընկերություն ստեղծել և չվաճառել գազատարի այդ հատվածը․ «Միգուցե կարելի էր սա ձևակերպել որպես հայաստանյան մի ընկերության սեփականություն»:

«Գազպրոմ Արմենիա» ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Շուշան Սարդարյանը «Ազատությանը» տեղեկացրել է, որ Իրան – Հայաստան գազատարի 40 կիլոմետրանոց հատվածի առք ու վաճառքի պայմանագիրը ԲԷՑ-ի հետ դեռ 2007-ին է կնքվել՝ 30 միլիոն դոլար նախավճարով։ «Գազպրոմ Արմենիա»-ն ծրագրում է աուդիտ անցկացնել, որից հետո հայտնի կդառնա գործարքի ամբողջական արժեքը։

Ռուսաստանյան ընկերության նախնական գնահատականով, սակայն, գազատարը 38-39 միլիոն դոլար արժե։ 30 միլիոնն արդեն տրվել է, ուստի ակնկալվում է, որ «Գազպրոմը» գազատարի այս հատվածի դիմաց Հայաստանի բյուջե 8-9 միլիոն դոլար պետք է փոխանցի։