Գազային հանձնաժողովի աշխատանքներն ամփոփող զեկույցը չի տալիս կարևոր մի հարցի պատասխան` ինչպես է ստացվում, որ Հայաստանը ռուսական գազի 1000 խմ֊ն գնում է 164 դոլարով, սակայն այն ՀՀ քաղաքացուն վաճառվում է 340 դոլարով: Այսօր ԱԺ-ում այս հարցը բարձրացրել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
Նա նկատել է, որ Ուկրաինան գազը գնում է 247 դոլարով և վաճառում 280 դոլարով: Բագրատյանն ասել է, որ զեկույցը պետք է գոնե ցույց տար, թե ուր է գնում վաճառքի և գնման գնի տարբերությունը:
Գազային հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն ասել է, որ 340 դոլարով գազը վաճառվում է ֆիզիկական անձանց, ինչը կազմում է գազ սպառողների ընդամենը 30 տոկոսը, իսկ տնտեսվարողներին գազը վաճառվում է ավելի էժան գնով: Այվազյանն ասել է, որ կարող է գոյացած գումարի բաշխումը մանրամասն ներկայացնել:
Բագրատյանի մյուսը հարցը վերաբերում էր 1998 թվականին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք, կնքված պայմանագրին, որի համաձայն «Հայգազ» ընկերությունը ռուսաստանյան «Գազպրոմին» վաճառելուց հետո ռուսական կողմը պետք է Հայաստանին վճարեր 148 միլիոն, ինչը մինչև հիմա չի արվել:
«Այդ 148 միլիոնը երկրորդ նախագահը վարի տվեց»,- ասել է Բագրատյանը:
Վարդան Այվազյանը պատասխանել է, որ գազային հանձնաժողովը զբաղվել է միայն 2001 թվականից մինչ օրս կնքված պայմանագրերով և հարցերով: Նա ասել է, որ ունի տեղեկություն, թե գումարը վճարվել է, սակայն, չի կարող ասել` երբ է դա եղել և ինչպես է այդ գումարը ծախսվել: