ԱԺ Հայաստանի գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի (Գազի հանձնաժողով) կողմից շրջանառության մեջ դրված եզրակացության նախագծում պաշտոնապես հաստատվում է՝ ՀՀ կառավարության գիտությամբ Հայաստան ներկրվող գազի 1000 խ/մ գինը ռուսաստանյան կողմը թանկացրել է դեռևս 2011 թվականի հունիսի 1-ից՝ 180 դոլարից դարձնելով 210 դոլար, 2012 թվականի ապրիլի 1-ից՝ 240 դոլար, 2013 թվականի ապրիլի 1-ից՝ 270 դոլար։ «Ժողովուրդ» օրաթերթն այս փաստն ուշագրավ է համարում՝ հիշեցնելով, որ մամուլն այդ ընթացքում բազմիցս գրել է, որ գազն իրականում թանկացրել են, սակայն հայաստանցի պաշտոնյաներն ամեն անգամ հերքել են այդ լուրերը։
«Այժմ կարող ենք ասել, որ պետական պաշտոնյաները, այդ թվում՝ անձամբ Սերժ Սարգսյանը, տարիներ շարունակ հրապարակավ խաբել են ՀՀ քաղաքացուն», ֊ նշում է թերթը։
Արդյունքում, 2011-2013 թվականներին, չնայած գազի գինը թանկացած է եղել, «ՀայՌուսգազարդ» ընկերությունը (ներկայումս «Գազպրոմ֊Արմենիա») մատակարարված գազի դիմաց վճարել է 180 դոլար և ռուսաստանյան «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ֊ի նկատմամբ կուտակել է պարտքը, որը 2013 թվականի վերջին կազմել է 329․2 մլն դոլար։
«Հայկական ժամանակ» օրաթերթը նշում է, որ եզրակացության մեջ տեղ գտած պաշտոնական թվերը սարսափելի պատկեր են բացահայտում, ու, չնայած դրան, հանձնաժողովը բավական զուսպ է գտնվել ձևակերպումների մեջ։
«Ինչպես մեզ հայտնի դարձավ, դրանում ընդգրկված քաղաքական ուժերի ներկայացուցիչները մի քանի սկանդալային փաստաթղթերի հետ առնչվելիս որոշակի համաձայնության են եկել ձևակերպումների շուրջ։ Երեկ մեզ հետ մասնավոր զրույցներում հանձնաժողովի ոչ իշխանական անդամները հայտարարում էին, որ համակարգում կատարյալ թալան է», ֊ գրում է «ՀԺ»֊ն։
Նշենք, որ եզրակացության քննարկումը կայանալու է ապրիլի 6-ին մեկնարկող քառօրյային։
Հոդվածներն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» և «Հայկական ժամանակ» թերթերի այսօրվա համարներում