Ընդերքի պետական տեսչության աշխատակիցների մեծ մասը գործուղման չի մեկնում․ նրանց պարտականությունների իրականացումը կրում է ձևական բնույթ՝ «գնացել» ու չեն ստորագրել ստուգման ակտը, կամ էլ չեն գնացել գործուղման ու ակտը ստորագրել են։ Այս և այլ տեսակի խախտումներ է արձանագրել Հայաստանի Վերահսկիչ պալատը Էներգետիայի և բնական պաշարների նախարարության աշխատանքում, գրում է «168 ժամ» թերթը։
Համապատասխան սարքավորումներ չունենալու պատճառով տեսուչներն ընդերքօգտագործողների մոտ ծավալների բազմաթիվ չափումները կատարել են մոտավոր՝ աչքաչափով, ինչը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում։ Թերթը նշում է, որ վերահսկողության ընթացքում կազմված արձանագրությունները նախարարության և տեսչության կողմից ընդունվել են առանց առարկությունների։
Երբեմն էլ չինովնիկները աշխատասիրության աներևակայելի դրսևորումներ են ցուցաբերել՝ աշխատելով անգամ կիրակի օրերին, գրում է «168 ժամը»։ Օրինակ, «Արմենիա Ինթերնեյշնլ Գոլդի» հետ Գեղարքունիքի Ծարասարի արմատական ոսկու հանքերևակման տարածքում որոնման֊հետախուզական աշխատանքներ իրականացնելու նպատակով լիցենզիայի պայմանագիրը կնքվել է 2011թ․ սեպտեմբերի 25-ին՝ կիրակի։ Ընդ որում՝ այս ընկերությունը պարտավորվել է ներդնել 250 մլն դրամ, բայց ներդրել է ընդամենը 180 հազար դրամ։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում