Home / Տեսանյութեր / «Վերջ բռնապետությանը»․ Էրդողանի կուսակցությունը մեծամասնություն չստացավ

«Վերջ բռնապետությանը»․ Էրդողանի կուսակցությունը մեծամասնություն չստացավ

Թուրքիայում ընդդիմադիր քաղաքական ուժերն ու ընդդիմադիր մամուլը հունիսի 7-ն արդեն իսկ պատմական օր են անվանում երկրի համար։ Կայացած խորհրդարանական ընտրություններում երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» (AKP) կուսակցությունը չի կարողացել մեծամասնություն ստանալ մեջլիսում։

Ըստ նախնական տվյալների՝ ձայների 99 տոկոսի հաշվարկից հետո պարզ է դարձել, որ «Արդարություն և զարգացում»-ը ստացել է 42 տոկոս։ Նշենք, որ անցյալ տարի նախագահական ընտրություններին Էրդողանն ընտրվել էր՝ հավաքելով ձայների 52 տոկոսը։ 2011 թվականի խորհրդարանական ընտրություններին կուսակցությունը 50 տոկոս էր հավաքել։

Բացի Էրդողանի կուսակցությունից, խորհրդարան են անցել Ժողովուրդների հանրապետական կուսակցությունը (CHP), «Ազգայնական շարժում» կուսակցությունը (MHP) և քրդամետ Ժողովրդական դեմոկրատական կուսակցությունը (HDP)։

Ի տարբերություն առաջին երկու կուսակցությունների, որոնք ազգայնական ընդդիմության շարքին են պատկանում, քրդամետ կուսակցությունը համարվում է առաջադեմ և վերջին տարիներին թափ է հավաքել ՝ մեծացնելով իր աջակիցների թիվը։ Ժողովրդական դեմոկրատական կուսակցության առաջնորդներից մեկը՝ Սելահեթին Դեմիրթաշը, արդեն հայտարարել է, որ չի պատրաստվում իշխող կուսակցության հետ կոալիցիա կազմել։

Դեմիրթաշը նշել է, որ, խորհրդարանում մեծամասնություն չստանալով, Էրդողանն այլևս չի կարողանա անցնել լիարժեք նախագահական համակարգի։

«Այս ընտրություններով ավարտվեցին բացառիկ նախագահության և բռնապետության մասին զրույցները», ֊ ասել է Դեմիրթաշը։

Նախնական արդյունքները․

1pollresults

 

Տեղերի բաժանումը խորհրդարանում (նախնական)․

turkishparliament

Լուսանկարում՝ քրդամետ կուսակցության կողմնակիցները տոնում են խորհրդարան մուտք գործելու փաստը