Home / Հայաստան / Կառավարությունը ուղիներ չի գտնում բողոքող օդաչուների գումարները վճարելու համար

Կառավարությունը ուղիներ չի գտնում բողոքող օդաչուների գումարները վճարելու համար

«Հայկական ավիաուղիներ» ընկերության 2002 թվականին գրանցված սնանկության պատճառով այնտեղ աշխատող օդաչուները աշխատավարձ չեն ստացել, տարիներ շարունակ նրանց բողոքի ակցիաները մնում են անպատասխան ՀՀ կառավարության կողմից։ Այս հարցը այսօր ԱԺ-ում ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ բարձրացրել է «Ժառանգություն» խմբակցության  անդամ Զարուհի Փոստանջյանը՝ նկատելով, որ ՄԻՊ գրասենյակը  համարել է, որ տվյալ դեպքում մարդու իրավունքների խախտում է գրանցվել։

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը  չի պատասխանել՝ ինչ ժամկետում է փակվելու աշխատողների պարտքը՝ ասելով. «Օդաչուների խնդիրը մեզ էլ է հուզում»։

 Պաշտոնյայի խոսքով՝  ՀՀ օրենքի համաձայն՝ ընկերության աշխատակիցների  աշխատավարձը պետք է մարվի գյուքի վաճառքի հաշվին, ինչը «Հայկական ավիաուղիների» դեպքում չի արվում, քանի որ գույքը գնող չկա։

Հարությունյանը նշել է նաև, որ վարչապետը հանձնարարել էր գտնել այլ հնարավոր ուղիներ, մեկը՝ Սևանում  երկու ամառային ավան կառուցման ներդրումային ծրագիրն է։  

«Այդ ծրագրերից մեկն էր՝ գտնել ներդրողներ, և գումարը ուղղել օդաչուներին։ Կառավարությունը լուրջ ռեսուրսներ է ծախսել այդ ծրագրի վրա, արված է իրավական մեխանիզմը։  Կառավարությունը կյանքի է կոչել շինարարությունը։ Ցավով եմ նշում, որ մեզ չհաջողվեց գնտնել ներդրողներ, բայց մենք չենք պատրաստվում փոշիացնել այդ հնարավորությունը»,֊ -ասել է նա։