Նախորդ տարեվերջից Մարց գյուղի հարևանությամբ գործում է «Մարցէներջի» ՍՊԸ֊ի կողմից գործարկված ՀԷԿ֊ը։ Մարցի գյուղապետ Ռոբերտ Գալստյանը «Ասպարեզ» օրաթերթի հետ զրույցում նշել է, որ թեև գյուղացիներից մի քանիսին ՀԷԿ֊ում աշխատանքի են ընդունել, սակայն «կան բաներ, որ խոստացել են, բայց դեռ չեն արել»։
Ըստ գյուղապետի՝ ՀԷԿ֊ի ղեկավարները խոստացել էին, որ համայնքին տարեկան 1,5 մլն դրամի չափով գումար կհատկացնեն։
«Բյուջեն չի ավելացել, իր խոստացածը, պարզ ասեմ, չի տվել, մի քիչ հարցականի տակ է՝ կտա, չի տա։ Պետք է եռամսյակը մեկ տար, 300․000, թե 350․000 է, բայց դե ինչ֊որ պրոբլեմներ ունեցավ, ասըմա՝ էսա, լավ կըլնի, կտամ», ֊ նշել է գյուղապետը։
Մարցը լուծման սպասող մի շարք խնդիրներ ունի։ Գալստյանը թվում է ջրագծերի փոխման, ճանապարհների նորոգման, մանկապարտեզի կառուցման անհրաժեշտության հարցերը․ «Բա միլիոն ու կես ազատ միջոց որ ունենանք, կարելի է մի բան անել, էլի, էնքան ցավ ու դարդ ունենք»։
ՀԷԿ֊ի տնօրինության կողմից գյուղի կենտրոնական փողոցներում գիշերային լուսավորություն է անցկացվել։ Թե որքան գումար է ծախսվել դրա համար, Գալստյանը հստակ չգիտի։
«Առայժմ ոչ մի փաստաթուղթ չեն բերել։ Պետք է իրանք բերեն դա հաստատված, որի գյուղապետարանը որպես համայնքին նվիրատվություն ձևակերպի։ Լուսավորության անցկացման համար, իրենց ասելով, մոտ 2 մլն֊ի ծախս են արել, թե հըմի դա ինչքանով ա հավաստի․․․», ֊ ասել է նա։
Վերջինիս խոսքով՝ «Մարցէներջին» թերացել է նաև այս մասով․ «Կենտրոնական փողոցները իրանց միջոցներով են լուսավորվել, բայց իրանք պարտավոր են դաժե վարձը տալ, որը ամսական 22․000֊23․000 դրամ է, բայց ոչ մի բան դեռ չեն տվել․․․ Էդ էլ է մեր բյուջեից գնացել, էլի։ Էդ երկուսը՝ միլիոնուկեսն ու լուսավորության վարձի խոստումը դեռ հլա չի կատարվել»։
Մանրամասները՝ «Ասպարեզի» այսօրվա համարում