2015 թ․ հունվարին բանակ զորակոչված երիտասարդի հորը զինվորական հոսպիտալում հրաժարվել են տրամադրել առողջական վիճակի հետազոտման մասին փաստաթղթերը։ Այս մասին զորակոչիկ Ա․Բ֊ի հայրը հունիսի 11-ին հայտնել է «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» իրավապաշտպան կազմակերպությանը։
Նա պատմել է, որ իր որդու մոտ առաջացել է առողջական խնդիր, որը զորակոչվելիս չի հայտնաբերվել, և այդ առողջական խնդրի հետևանքով զինծառայողը տեղափոխվել է Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, որտեղ անցել է համապատասխան հետազոտություններ:
Զինծառայողի հայրը դիմել է հոսպիտալի բժշկին և պահանջել իր որդու առողջական վիճակի հետազոտման ակտի պատճենը, որին ի պատասխան, նրան հայտնել են, որ Ա. Բ-ի առողջական վիճակի հետազոտման փաստաթղթերը համարվում են «ռազմական գործ»:
«Այսպիսով, վերստին արձանագրում ենք, որ պաշտպանական գերատեսչության ստորաբաժանումների կողմից շարունակվում է խախտվել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածով սահմանված անձի իրավունքը, համաձայն որի յուրաքանչյուր ոք իրավունք ունի մատչելի ձևով ստանալ տեղեկություն իր առողջական վիճակի, հետազոտությունների արդյունքների, հիվանդության ախտորոշման և բուժման մեթոդների, դրանց հետ կապված ռիսկի, բժշկական միջամտության հնարավոր տարբերակների, հետևանքների և բուժման արդյունքների մասին: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջում է դադարեցնել զինծառայողներին բժշկական զննության արդյունքների եզրակացության չտրամադրելու արատավոր պրակտիկան», ֊ ասված է իրավապաշտպան կազմակերպության հայտարարության մեջ: