ՀՀ կառավարությունում քննարկվում է Երևանի կենտրոնը «Զվարթնոց» օդանավակայանին կապող վերգետնյա էլեկտրագնացքի գիծ կառուցելու մի ծրագիր, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։ Նախագծի համաձայն, գիծը ունենալու է մոտ 13 կիլոմետր երկարություն:
«Նշված էլեկտրագնացքի կառուցման նախագիծը մեկն է կառավարության այն ծրագրերից, որոնց իրականացումը պետք է այս տարի հանգեցնի տնտեսական աճի: Շինարարության ողջ արժեքը գնահատվում է մոտ 80 միլիոն դոլար: Գաղափարն այն է, որ դրա շինարարության վրա կաշխատեն բազմաթիվ մարդիկ, աշխատավարձ կստանան, շինարարության համար կօգտագործվի շինանյութ, որը արտադրող ձեռնարկությունները պատվերներ կստանան, իրենց հերթին այդ ձեռնարկությունների աշխատողները աշխատավարձ կստանան։
Սակայն կառավարությունում կան այս նախագծին ընդդիմացողներ: Վերջիններս պնդում են, որ այդ էլեկտրագնացքի շահագործումը տնտեսապես անարդյանավետ է: Նախ՝ չկա դրա պահանջարկը, և, բացի դա, հետագայում դրա սպասարկման վրա շատ գումար է ծախսվելու, քան շահագործումից ստացվելիք եկամուտն է։ Մեր աղբյուրները նշում են, որ այս նախագծի հաստատման և իրագործման հավանականությունը բավական փոքր է»,–գրում է թերթը։