Իշխող վերնախավում խիստ գաղտնի են պահում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Հայաստանի դատավորի պաշտոնին հավակնող այն երեք թեկնածուներից մեկի անունը, ում ՄԻԵԴ դատավորների ընտրության հանձնաժողովը նախօրեին հավանություն է տվել, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։
«Շշուկներ կան միայն, որ այդ թեկնածուն իրավապաշտպան Արա Ղազարյանն է, բայց պաշտոնական հաստատում ոչ մի կերպ հնարավոր չէ ստանալ: Ինքը՝ Ղազարյանը, անջատել է բջջայինը և խորը անհասանելի դարձել, մրցութային հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանն էլ, ով Փարիզից արդեն վերադարձել է Հայաստան, կտրականապես հրաժարվում է այդ հարցին պատասխանել: Սույն հանձնաժողովն իր «ընտրյալի» թեկնածությունը երաշխավորելու է ԵԽԽՎ-ին, որն էլ լիագումար նիստում քվեարկությամբ հաստատելու է այդ թեկնածությունը: Մյուս երկու թեկնածուներն էին ՀՀ նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանը և դատավոր Լիանա Հակոբյանը»,–գրում է թերթը։
Նշենք, որ ՄԻԵԴ դատավորների մրցույթը երկրոդ անգամ է անցկացվել, առաջին մրցույթի արդյունքները չեղյալ էր համարել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Երկու դեպքում էլ դիտորդները մտահոգություն են հայտնել ընտրությունների ընթացքի կապակցությամբ։