Պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ոստիկանության Երևանի Նոր Նորքի քրեական հետախուզության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Ա.-ն, հայտնում է Հատուկ քննչական ծառայությունը:
Փոխգնդապետի ձերբակալությունը կապված է 2013թ. սեպտեմբերի 22-ին Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ Կամո Ղալթախչյանի «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայի պայթեցման դեպքի հետ։
Հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում Ղալթախչյանը հայտնել է, որ դա իր ընտանիքի նկատմամբ կատարված միակ ոտնձգությունը չէ՝ տեղեկացնելով, որ այդ դեպքից շուրջ 6 ամիս առաջ դարձյալ նույն գյուղում ինքնաձիգի կրակահերթեր են արձակվել՝ այդ անգամ որդու վարած ավտոմեքենայի ուղղությամբ:
ՀՔԾ֊ն նշում է, որ նախաքննությամբ հիմնավորվել է՝ դեպքից անմիջապես հետո ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնը զբաղեցնող Արմեն Ա.-ն, տեղեկացված լինելով, որ 2013 թվականի փետրվարի 25-ին Ղալթախչյանի որդու նկատմամբ սպանության փորձ է կատարվել, հանցագործությունը չի հաշվառել։ Ըստ պաշտոնական տեղեկատվության, փոխգնդապետը նաև չի արձանագրել ավտոմեքենայի թափքին առկա ակնհայտ հրազենային վնասվածքների հետքերը, որի հետևանքով դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը օրինական ընթացք չեն ստացել: