Նախկին թուրք գնդապետ Դուրսուն Չիչեկը, ով տարիներ առաջ բանտարկվել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը տապալելու ու գիտնական և հասարակական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենին հեղինակազրկելու մեղադրանքով, խոստովանել է, որ 2000-ական թթ. սկզբներին թուրքական բանակն իսկապես գործարկել է կայքեր՝ կառավարությանը, Գյուլենական շարժմանը, ինչպես նաև քրդերին ու հայերին հեղինակազրկելու նպատակով, հայտնում է Today's Zaman կայքը։
42 կայքերի մեծ մասը փակվել է 2007 թվականին, սակայն դրանց վերաբերյալ հետաքննություն սկսվել է միայն 2011֊ին, երբ ձերբակալվել է բանակի առնվազն 22 ներկայացուցիչ, այդ թվում՝ գեներալներ։ Նախկին գնդապետ Չիչեկը, ով այժմ Ժողովրդա֊հանրապետական կուսակցության պատգամավոր է, գլխավոր կասկածյալների թվում էր։
Երեքշաբթի՝ հունիսի 16֊ին, Չիչեկը լրագրողների հետ զրույցում հաստատել է այդ կայքերի վերաբերյալ նախկինում հրապարակված փաստաթղթի իսկությունը՝ նշելով, որ դրան հավանություն էր տվել ռազմական հետախուզության պետ Իսմայիլ Հաքքի Փեկինը, ով ավելի վաղ Չիչեկին մեղադրել էր վարկաբեկման ծրագիրը նախաձեռնելու մեջ։
«Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որը 2011 թվականի գործով ներկայացված էր որպես տուժող կողմ, հետագայում այն անվանել է «[Գյուլենական շարժման կողմից] նախաձեռնված ծրագիր»։
Չիչեկն իր հայտարարությունն արել է ի պատասխան Փեկինի՝ քարոզչական կայքերի վերաբերյալ նախկին գնդապետին ուղղված քննդատության։ Չիչեկն ասել է, որ գեներալ Փեկինը կարող էր հավանություն չտալ փաստաթղթին, եթե դրա վերաբերյալ վերապահումներ ուներ։