Հայաստան-ԵՄ Ասոցացման ու Խորը և համապարփակ առևտրի համաձայնագրերի նախագծերը ծառայողական գաղտնիք են։ Այս մասին այսօր Վարչական դատարանում հայտարարել է ՀՀ ԱԳՆ իրավաբանական բաժնի ներկայացուցիչը։ ԱԳՆ֊ից վերոնշյալ համաձայնագրերի նախագծերը դատական կարգով պահանջում է տրամադրել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն։
Նախագահող Անի Հարությունյանն արգելել է նկարահանել այսօր կայացած նախնական նիստի ընթացքը։ Ինչպես Epress.am֊ին հաղորդել է ՀԿ֊ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննեսյանը, ԱԳՆ ներկայացուցիչը պարզաբանել է, որ եթե պայմանագրի հրապարակվի, այն կարող է օգտագործվել «հարևան պետության կողմից՝ երրորդ երկրի վրա ճնշում գործադրելու և հանգեցնել պայմանագրի ստորագրման տապալմանը»:
«Սակայն դժվար է հասկանալ, թե ինչպիսի հակազդեցություն կարող է Ադրբեջանը ունենալ մի պայմանագրի դեմ, որի ստորագրումն արդեն տապալվել է Հայաստանի իշխանությունների՝ Մաքսային Միությանն ու ԵՏՄ-ին անդամակցության ուղին որդեգրելու հետևանքով», – ասել է Իոաննիսյանը:
Նա միջնորդել է դատարանին պարտավորեցնել ԱԳՆ-ն ապացուցել, որ Հայաստան-ԵՄ Ասոցացման ու Խորը և համապարփակ առևտրի համաձայնագրերի նախագծերը գաղտնի են: Միջնորդությունն ընդունվել է դատարանի կողմից: Ապացույցներն ԱԳՆ-ն պետք է ներկայացնի հաջորդ նիստին:
Նշենք, որ դատարան դիմելուց առաջ ՀԿ-ն գրավոր հարցում էր ուղարկել ԱԳՆ 2014 թվականի դեկտեմբերի 20-ին, սակայն ստացել էր փոխնախարար Շավարշ Քոչարյանի հետևյալ պատասխանը. «Հայաստան-ԵՄ Ասոցացման ու Խորը և համապարփակ առևտրի համաձայնագիրը չի կարող հրապարակվել առանց բոլորի կողմերի համաձայնության»: