Այսօր Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ հավանություն է տվել «Ալյոտիգ» ընկերությանը պոչամբարների վերամշակումը հանձնելու ՀՀ կառավարության նախագծին:
Օրենքի նախագծով վերոնշյալ ընկերությանն է հանձնվելու Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակվող, ինչպես նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործունեության հետևանքով առաջացած արտադրական լցակույտերի վերամշակումը:
Նախագծին կողմ են քվեարկել ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն, «Ժառանգությունը», բացառությամբ Զարուհի Փոստանջյանի, ով նախագծին միակ դեմ քվեարկողն է եղել։ ՕԵԿ, ՀՅԴ, ՀԱԿ խմբակցությունները ձեռնպահ են մնացել:
Քվեարկությունից առաջ ԲՀԿ անդամ Միքայել Մելքումյանը պարզաբանել է, որ իրենք կողմ են ներդրումային ծրագրին, քանի որ ուրբաթ օրը Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում «Ալյոտիգ» ընկերության ներկայացուցիչները խոստացել են, որ միայն նախագծում նշված կետերի համաձայն ներդրումներ կկատարեն:
«Հիմնական հարցն այն էր, թե ռոյալթի (տուրքի տեսակ ֊ խմբ․) պետք է գանձվի, թե ոչ, և թե ում սեփականությունն են թափոնները: Ներդրողները պնդեցին, որ միայն նախագծի ներքո կկատարեն ներդրումները: Մենք կարծում ենք, որ պետք է թույլ տալ, որպեսզի այս ներդրումները կատարվեն»,- ասել է Մելքումյանը:
Պատգամավորը նաև նշել է, որ հանձնաժողովում քննարկումը բաց էր և դրան մասնակցել են նաև ոչ հանձնաժողովի անդամներ:
Իր հերթին, Զարուհի Փոստանջյանը հարցի քննարկման ժամանակ իր դեմ լինելը բացատրել էր նրանով, որ ընկերությունը անփորձ է, անհայտ:
«Փաստորեն, ճիշտ ենք հասկանում, որ այս ծրագիրը իրականացնելու է մի ընկերությունը, որը նման աշխատանքի որևէ փորձ չունի։ Փաստորեն, դուք չգիտեք, ինչ տեխնոլոգիաներով պետք է անեն։ Արծվանիկը աշխարհի ամենամեծ պոչամբարն է և այն հանձնում ենք մի ընկերության, որը վերամշակման փորձ չունի։ Չե՞ք կարծում, որ սա մտածելու տեղիք պետք է տա»,- ասել էր Զարուհի Փոստանջյանը:
Մելքումյանի նշած քննարկման մասին Epress.am֊ը փորձել է տեղեկատվություն ստանալԱԺ֊ից, սակայն Տնտեսական հարցերի հանձնաժողովից Epress.am-ին հայտնել են, որ հանդիպումը պազմակերպել էր ՀՀԿ խմբակցությունը, ուստի այդ խմբակցությունից է պետք ճշտել՝ ովքեր են եղել հրավիրված: ՀՀԿ խմբակցությունից, սակայն, մեզ պատասխանել են, որ իրենց խմբակցությունից ոչ մեկը չի մասնակցել նիստին, այն նախաձեռնել է Միքայել Մելքումյանը:
«Էկոլուր» ՀԿ֊ի նախագահ, բնապահպան Ինգա Զառաֆյանն ասել է, որ ինքը և իրեն ծանոթ այլ ՀԿ-ներ չեն հրավիրվել բնապահպանական նախագծի քննարկմանը: