«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության ակտիվ անդամները, ովքեր հունիսի 23-ին բերման են ենթարկվել Բաղրամյան պողոտայից և Ազատության հրապարակից, ապօրինի կերպով, մտածված պահվել են ոստիկանական բաժիններում, որպեսզի ի վիճակի չլինեն մասնակցել նույն օրը ժամը 18։00-ի կազմակերպված ակցիային։ Այս մասին քիչ առաջ Epress.am-ի հետ զրույցում ասել է նախաձեռնող խմբի անդամ Արամ Մանուկյանը։
Նա հստակեցրել է, որ իրենց պասիվությունը պայմանավորված է առողջական վիճակով:
«Ամեն ինչ արվեց, որ ակտիվ մասսան՝ կորիզը, մինչև ուշ երեկո ազատ չարձակվի ու պարզապես ի վիճակի չլինի պրոցեսներին մասնակցելու», – ասել է Մանուկյանը։
Նա նշել է, որ ազատ արձակվելուց հետո մասնակցել է Բաղրամյան պողոտայում անցկացվող ակցիային, սակայն, ինչպես մյուս ընկերները, ինքը ևս վատ ինքնազգացողության պատճառով որևէ գործընթացի չի մասնակցել։
Նախաձեռնությունը նշում է, որ պահանջները չեն փոփոխվել՝ ոչ մի լումա ավել, որոշման չեղարկում՝ առանց որևէ երկխոսության։
Նշենք, որ այսօր երեկոյան մի խումբ ցուցարարներ հավաքվածներին ակտիվորեն համոզում էին հանդիպել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, սակայն մարդիկ ընդդիմացան և հանդիպումը չկայացավ:
Այդ հարցը քննարկվել էր նաև հունիսի 22-ի երեկոյան, սակայն մերժվել էր նստացուցավորն երի կողմից: