Այսօր առավոտյան 10:30-ից ոստիկանությունը խստացրել է Բաղրամյան պողոտայի սկզբնամասից դեպի փողոցի վերևի հատված քաղաքացիների ելումուտը։ Հունիսի 23-ից՝ մոտավորապես 20։00-ից, Բաղրամյան պողոտայի ներքևի հատվածում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող քաղաքացիները նստացույց են անցկացնում, իսկ նրանց դիմաց ոստիկանական պատնեշ է։
Վաղ առավոտյան ոստիկանները թույլ էին տալիս քաղաքացիներին վերև բարձրանալ, սակայն առավոտյան հերթափոխի եկած կարմիր բերետավորները, մասնավորապես, թույլ չեն տվել Epress.am-ի լրագրողին շարժվել դեպի Ամերիկյան համալսարան: Մինչ մեր լրագրողը ներկայացնում էր աշխատանքային վկայականը՝ մի քաղաքացիական հագուստով անձ է մոտեցել ոստիկաններին և ասել՝ «աշխատող եմ»: Ոստիկանները նրան ճանապարհ են տվել:
֊ Ձեր աշխատողն էր, դրա՞ համար թողեցիք։
– Սահմանադրականի աշխատող էր:
– Բայց դատարան չմտավ:
– Էհ, չէ Սիրիայի դեսպանատանն ա աշխատում:
– Ես էլ եմ աշխատում: Ի՞նչ սկզբունքով եք որոշում՝ ում թողնել գործի գնալ, ում՝ ոչ:
– Էդ արդեն՝ դուք չեք որոշում:
Ոստիկանները թույլ են տվել փողոցով բարձրանալ նաև Ամերիկյան համալսարան գնացող ուսանողներին, և մի քանի այլ քաղաքիների։ Ճանապարհ տալու սկզբունքը նրանք այդպես էլ չեն բացատրել, չնայած մեր լրագրողը մի քանի անգամ նշել է, որ գրասենյակը գտնվում է Ամերիկյան համալսարանի հարևանությամբ։