ՀՔԾ խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Վ․Ավետիսյանը դատարանում պաշտպանել է իր որոշումը կարճել քաղաքացի Ալեքսանդր Ցվերիանովին խոշտանգելու հարցով քրեական գործը՝ հայտարարելով, որ Ցվերիանովին բերման ենթարկելու ժամը և ոստիկանության բաժնում բռնություն կիրառելու հանգամանքները, բացի Ցվերիանովի ցուցմունքներից, որևէ այլ ապացույցով չեն հիմնավորվել: Այս մասին հայտնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կայքը։
Ավելի վաղ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտնել էր, որ Երևանի Էրեբունու բաժնի ոստիկանները խոշտանգումների օգնությամբ ստիպել են քաղաքացի Ալեքսանդր Ցվերիանովին խոստավանել իր մեղքը 16 բնակարանային գողությունների մեջ։ Ցվերիանովի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը (լուսանկարում) պնդում է, որ սա այն եզակի դեպքերից էր, երբ դատարանը ապացուցված է համարել խոշտանգման փաստը, սակայն ՀՔԾ-ն դատարանի վճիռը ստանալուց հետո էլ չի զբաղվել խոշտանգման փաստի քննությամբ:
ՀՔԾ քննիչի որոշման հայցով դատական նիստի ժամանակ Սաքունցը նշել է, որ ոչ թե բռնության ենթարկված անձը պետք է ապացուցի, որ իր նկատմամբ բռնություն է կիրառվել, այլ պետությունը պետք է համոզիչ փաստարկներ ներկայացնի, որ անձի նկատմամբ բռնություն չի գործադրվել:
Դատարանը մերժել է քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը վերացնելու և տուժողի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու մասին բողոքը: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պատրաստվում է դատարանի որոշումը բողոքարկել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան: