Այսօր Բաղրամյան պողոտայում Էլէներգիայի թանկացման դեմ պայքարող քաղաքացիները «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Հունիսի 30-ի թռուցիկը» անունը կրող տեքստ են տարածել․
«էլեկտրաէներգիայի ապօրինի թանկացման դեմ բողոքը շարունակվում է: Իշխանություններն ամեն միջոց գործադրում են ջլատելու ցուցարարների ուժերը, պիտակավորելու, հուսալքելու մարդկանց և կոտրելու շարժման թափը:
Ուզում ենք հիշեցնել, որ հանրության երեք պահանջներից որևէ մեկը դեռ չի կատարվել:
Այս իրավիճակում կենսական է դառնում հանրության ուժերի կենտրոնացումը: Յուրաքանչյուրիս ֆիզիկական ներկայությունը շատ կարևոր դեր կարող է ունենալ պայքարի հետագա զարգացման համար:
Հունիսի 29-ին ցուցարարների մի մասը ստեղծեց բաց աշխատանքային խմբեր, որոշվեց, որ Բաղրամյանում լինելու է շուրջօրյա հերթապահություն, տեղադրվելու է տեղեկատվական սեղանիկ, կազմակերպվելու են միջոցառումներ, համերգներ, մասնագիտական ելույթներ և հանրային քննարկումներ։
Ի՞նչ կարող ես անել դու.
• մասնակցել ամեն օր Բաղրամյանում 20:30 կազմակերպվող հանրային քննարկմանը
• միանալ աշխատանքային խմբերին կամ ստեղծել քո խումբը (խմբերի մասին տեղեկություն կարող ես ստանալ կամ հայտնել հանրային քննարկման ժամանակ)
• մասնակցել շուրջօրյա նստացույցին, հերթապահել
• տարածել այս թռուցիկը ֆեյսբուքում և ֆեյսբուքից դուրս
• տարածել տեղեկատվություն ֆեյսբուքով և այլ միջոցներով», ֊ նշված է տարածվող տեքստում։
«Ֆեյսբուք»֊ի օգտատեր Հելենա Մելքոնյանը, իր հերթին, սոցցանցում գրել է, որ այսօր Բաղրամյան պողոտայում ժամը 18:00֊ից ընթերցանություն է կազմակերպվում։
«Ով միանում ա, Ձեր հետ բերեք Ձեր սիրելի գրքերը ու միասին կկարդանք հատվածներ բոլոր գրքերից», ֊ գրել է Մելքոնյանը։