Home / Հայաստան / Բաղրամյան պողոտայի աշխատանքային խմբերը հուլիսի 1-ին կներկայացնեն իրենց գործունեության արդյունքը

Բաղրամյան պողոտայի աշխատանքային խմբերը հուլիսի 1-ին կներկայացնեն իրենց գործունեության արդյունքը

Այսօր Բաղրամյան պողոտայի սկզբնամասում էլէներգիայի թանկացման դեմ պայքարող մոտ 100-120 նստացույցի մասնակիցներ գործողությունները  համակարգելու նպատակով քննարկում են անցկացրել:

Քննարկումը վարում էր գրող, հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը: Նա նշել է, որ ցանկություն կա պարբերաբար  էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման խնդրի վերաբերյալ և' մասնագիտական, և' հանրային քննարկումներ ծավալել։  

Կարծիքների փոխանակման ընթացքը երբեմն բավական թեժ է եղել: Մասնավորապես, մի տղամարդ նշել է, որ, բացի նստացույցի 3 պահանջներից, այլ բանի մասին խոսել կամ խնդիրը քաղաքականացնել չի կարելի: Քննարկման մի քանի մասնակիցներ չեն համաձայնել՝ նշելով, որ խնդիրն ինքնին քաղաքական է: Այնուամենայնիվ, վեճերի ժամանակ կրքերը հաջողվում էր հանգստացնել և քննարկումը շարունակել:

Քննարկման արդյունքում որոշվել է, որ արդեն իսկ ստեղծված 5 աշխատանքային խմբերից բացի, ցանկության և անհրաժեշտության դեպքում կարելի է նաև նոր խմբեր ձևավորել։  Առայժմ ստեղծված 5 խմբերի անդամներն իրար հետ կապը կպաշտպանեն և աշխատանքի բաժանումը կկազմակերպեն «Ֆեյսբուքում» բացված «Բաղրամյանի նստացույցը շարունակվում է. ElectricYerevan» էջում։

Մասնավորապես, իրավաբանական  խումբը զբաղվելու է ցուցարարներին իրավական աջակցություն տրամադրելով, նրանց իրավունքերի մասին իրազեկելով, ոստիկանության գործողություններին օրենքի շրջանակներում պատասխանելով։  

ԶԼՄ-ների հետ աշխատանքի խումբը պետք է համակարգի տեղեկատվության  տարածումը, ինչպես նաև արձագանքի և գնահատի՝ ինչպես է մեդիան լուսաբանում Բաղրամյանի նստացույցը։ Քննարկմանը շոշափվել է այսօր որոշ լրատվամիջոցներով հրապարակված տեղեկությունը, թե Բաղրամյանի ցուցարարները ճանապարհ չեն տվել շտապ օգնության մեքենային և հիվանդը մահացել է։

«Մենք ունենք փաստեր, որ նման բան չի եղել, և պետք է մեդիա խումբը հենց այդպիսի դեպքերում էլ գործի, թույլ չտա, որ մեր հասցեին ապատեղեկատվությունը վնասի պայքարը»,֊ ասել է քննարկման մասնակիցներից մեկը:

Վաղը երեկոյան 20:30-ին խմբերը պետք է ներկայացնեն իրենց աշխատանքի արդյունքները։   

Քննարկման մասնակիցներից մեկն էլ առաջարկել է նստացույցի վայրում բուժկետ բացել, որտեղ կարող են անհրաժեշտ օգնություն կամ դեղորայք ստանալ վատառողջ մարդիկ: