Home / Հայաստան / Կառավարությունն առաջարկում է աղջիկ երեխայից ազատվել ցանկացող հղի կնոջը մտածելու համար 3 օր տալ

Կառավարությունն առաջարկում է աղջիկ երեխայից ազատվել ցանկացող հղի կնոջը մտածելու համար 3 օր տալ

ՀՀ Կառավարությունը երեկ հաստատել է որոշման նախագիծ, որով առաջարկվում է կնոջը, որը, երեխայի սեռի մասին տեղեկանալուց հետո որոշել է ընդհատել հղիությունը, 3 օր մտածելու ժամանակ տալ։ Բժշկին, որը կխախտի երեք օրվա կանոնը և չի բացատրի կնոջն այս քայլի հետևանքները, տուգանք է հասնելու։

«Երբ նայում ենք վիճակագրական տվյալները, առաջին երեխայի դեպքում մեզ մոտ կարծես թե նույն տվյալներն են, ինչ-որ համաշխարհային փորձն է ցույց տալիս․ փաստացի 105 տղա է ծնվում, 100 աղջիկ։ Երկրորդ երեխայի պարագայում այդ ցուցանիշն արդեն դառնում է 108 և 100 աղջիկ։ Բայց երրորդ երեխայի դեպքում արդեն տղաների թվաքանակը մինչև 150 է բարձրանում, որը մեզ համար տագնապալից ցուցանիշ է», ֊ կառավարության նիստից հետո «Հրապարակ» թերթի հետ զրույցում ասել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։

Նախարարությունը հաշվարկել է, որ սեռական պատկանելիության պատճառով տարեկան մոտ 500 աղջիկ չի ծնվում։

«Մենք չենք կարող դատական արգելանքների գնալ։ Մինչև 56 թիվը Խորհրդային Միությունում այս երևույթը կար։ Արդյունքում՝ աննշան բարձրանում էր ծնելիությունը, բայց կտրուկ բարձրանում էր մայրական մահացությունը», – ասել է նախարարը։ Խոսքն ընդհատաակյա աբորտների մասին է։ Ըստ նախարարի՝ ավելի արդյունավետ է համոզելու, բացատրական աշխատանքի մեթոդը, որն ընդունված է ԱՄՆ -ում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Իսլանդիայում։ Այնտեղ հղի կնոջը 3-ից 7 օր են ժամանակ տալիս։ Հայ կնոջ համար երեք օրն էլ բավարար է, գտել են մասնագետները։

Հարցին, թե ինչ երաշխիք կա, որ կինը չի թաքցնի բժշկից հղիության ընդհատման բուն պատճառը, նախարարը պատասխանեց, որ մինչև12 շաբաթական հղիության դեպքում, այսինքն, մինչև սեռի բացահայտ ի հայտ գալը, կինը կարող է կամավոր ընդհատել այն, իսկ դրանից հետո արդեն ենթադրվում է կիրառել նոր կարգը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում