«Համահայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնությունը (ՀԲՃ) հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին և ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին՝ կոչ անելով քրեական գործ հարուցել Արարատյան դաշտի արտեզյան ավազանի ջրային պաշարներից 2008-2013թթ. ընթացքում սահմանվածից ավել ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման փաստի առթիվ:
Բնապահպանները նշում են, որ այդ թույլտվությունների համար պատասխանատու են բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում նաև Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը, և դրանով էական վնաս է հասցվել արտեզյան ավազանին:
ՀԲՃ֊ն ընդգծում է, որ վերջին տասը տարիների ընթացքում Էջմիածնի և Մասիսի տարածաշրջաններում պետական թույլտվությամբ բացվել են խոշոր ձկնաբուծարաններ, որոնց գործունեության արդյունքում էապես գերազանցվել է ջրային պաշարների օգտագործման թույլատրելի սահմանը: 2013 թվականի դրությամբ Արարատյան արտեզյան ավազանից ջրառը կազմել է 55,6 խմ/վրկ կամ 1,7534 մլրդ խմ/տարի, ինչը թույլատրելի միջին տարեկան ջրաքանակը (34,7 խմ\վրկ կամ 1,0943 մլրդ խմ/տարի) գերազանցել է 1,6 անգամ, որի 64%-ը բաժին է հասել հենց ձկնաբուծարաններին:
ՀԲՃ֊ն նշում է, որ այդ ամենի արդյունքում, մասնավորապես, ջրի պահանջարկը բավարարելու նպատակով 2014 թվականին Սևանա լճից 100 մլն. խմ ծավալով լրացուցիչ ջրի բացթողում է գրանցվել, ինչը վտանգում է լճի էկոհամակարգը:
Նշենք, որ դեռևս 2013 թվականին Ազգային ժողովում պատգամավոր Զարուհի Փոստանջյանը պնդել էր, որ «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը ի շահ այն ժամանակվա ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի է ընդունվում, ով Արարատի մարզում ձկնաբուծարաններ ունի։