«Նաիրիտ» ընկերության նախկին աշխատակիցներն այսօր բողոքի ակցիա են անցկացրել Կառավարության շենքի դիմաց՝ հիշեցնելով, որ աշխատավարձի պարտքը մարելու վերջնաժամկետը լրացել է երեկ՝ հուլիսի 15-ին։
Ինչպես Epress.am֊ին ասել է «Նաիրիտի» նախկին մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը, աշխատակիցները տեղում որոշել են, որ վերսկսելու են իրենց բողոքի ացկիաները՝ թույլ չտալով մոռանալ իրենց մասին։
«Այս եղանակին նստացույց անելը նպատակահարմար չհամարեցինք, որոշեցինք ամեն օր 2 ժամով հավաքվել Կառավարության շենքի դիմաց։ Մանավանդ, որ սկսվել է գործարանի կողմից պահանջված՝ աշխատավարձերի ուշացման համար տուգանքներից հրաժարվելու հայտարարագրերի ստորագրման գործընթացը»,֊ ասել է Անուշ Հարությունյանը։
Հիշեցնենք, որ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը նաիրտիցիներին հունիսի 7-ին ասել էր, որ ամբողջական աշխատավարձի պարտքը կվճարվի մինչև հուլիսի 15-ը։ Գործարանի տնօրեն Ռուբեն Սաղաթելյանը հուլիսի 14-ին հայտարարել էր, որ նաիրտցիները աշխատավարձը ամբողջապես կստանան երեք օրվա ընթացքում, եթե ստորագրեն տույժերից հրաժարվելու մասին հայտարարությունները։
Անուշ Հարությունյանի խոսքով՝ ուշացման տույժերը հաշվելու դեպքում նաիրիտցիներին պետք է վճարվի ոչ թե 15 միլիոն դոլար, այլ՝ 30 միլիոն: Աշխատակիցների մի մասը որոշել է հրաժարվել տույժերից՝ ստորագրելով համաձայնագրերը, մյուս մասը չի պատրաստվում հրաժարվել հասանելիք գումարից։