Գյումրու բնակիչ, «Պրոգրես» վարժարանի դասախոս Լիլիթ Միքայելյանը դժգոհ է վերաքննիչ դատարանի որակումներից, պրոֆեսիոնալիզմից և վճռից, որով դատարանը մասամբ բավարարել է նախկին ամուսնու հայցը՝ նրանց երեխաների խնամակալությունը իրեն հանձնելու մասին: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Լիլիթ Միքայելյանը:
Նշենք, որ առաջին ատյանի դատարանը կնոջ խնամակալությանն է հանձնել 5-ամյա որդուն, սակայն 12-ամյա դստեր խնամակալությունը հանձնվել է ամուսնուն՝ երեխայի ցանկությամբ։ Երկու կողմերին էլ որոշումը չի բավարարել, նրանք երկուսն էլ պահանջում էին իրենց հանձնել երկու երեխաներին էլ:
Լիլիթ Միքայելյանի խոսքով՝ վերաքննիչ դատարանն ակնհայտորեն կողմնապահ էր:
«Դատավոր Նախշուն Տավարացյանը դիմում էր իմ նախկին ամուսնու փաստաբանին՝ ասելով՝ Սուսաննա Փիլիպոսյա՛ն, դուք վաստակավոր փաստաբան եք, չե՞ք կարողանում այս գեղեցիկ ընտանիքը վերականգնել: Մեր բաժանման հարցը այս գործի առարկա չէր: Դա չպետք է Տավարացյանը քններ: Ես ո՞ւր գնամ: Ի՞նչ կարգավիճակով: Ո՞րերորդ սիրուհու»,- ասել է Լիլիթ Միքայելյանը:
Միքայելյանը ավելի վաղ Epress.am-ին հայտնել էր, որ ամուսինը ու նրա ընտանիքը տարիներ շարունակ անհարգալից վերաբերմունք են ցույց տվել, արգելել շփվել հարազատների հետ, արգելել զանգեր կատարել և այլն: Միքայելյանի խոսքով՝ իր ամուսինը ուներ սիրուհի և իրականում հոգ չէր տանում երեխաների մասին:
«Դատարանը գրել է, որ որդիս, իմ մոտ մնալով, զրկված է հայրական ջերմությունից: Իսկ իմ աղջիկը մայրական ջերմությունից զրկված չէ՞: Դեռահաս աղջկան մայր է պետք»,- ասել է Լիլիթ Միքայելյանը:
Կինը որոշումը բողոքարկել է վճռաբեկ դատարան: