iLur.am ինտերնետային կայքի խմբագիր Քրիստինե Խանումյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 2-րդ մասով (դատական ակտը դիտավորությամբ չկատարելը) հարուցված քրեական գործը կարճվել է: Այս մասին գրում է Դատախազության կայքը:
Դատախազությունից տեղեկացնում են, որ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը նամակ է հղել ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչին, ով մտահոգություն էր հայտնել Խանումյանի դեմ հարուցված քրեական գործի առնչությամբ` նամակ ուղարկելով ԱԳՆ նախարար Էդվարդ Նալբանդյանին:
«Գլխավոր դատախազը մանրամասն բացատրել է հարուցված քրեական գործի բոլոր հանգամանքները, ինչպես նաև միջազգային և ներպետական օրենսդրության այն չափանիշները, որոնք հաշվի են առնվել քրեական գործը հարուցելիս»,- ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ iLur.am-ը հրաժարվել էր կատարել Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի որոշումը, որով դատարանը, բավարարելով Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը, պարտավորեցրել է iLur.am-ին և «Հրապարակ» օրաթեթրին բացահայտել հրապարակված տեղեկատվության աղբյուրը: Խոսքը վերաբերում է գյումրեցի ճանաչված մարզիկ, հունա-հռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի նկատմամբ բռնությանը, որի մասին տեղեկացրել էր iLur.am-ը՝ նշելով, որ բռնության հեղինակը Շիրակի վարչության արդեն նախկին պետ Վարդան Նադարյանն էր, որն այժմ ազատված է աշխատանքից (դեպքի հետ առնչություն չունեցող պատճառներով):