Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առինջը նոր գումարման խորհրդարանի երեկ կայացած արտահերթ նիստի ժամանակ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) պատգամավոր Նուրսել Այդողանին հորդորել է «լռել որպես կին»։
«Տիկին, լռեք»,֊ ասել է Առինջը, երբ Այդողանը փորձել է պատասխանել փոխվարչապետի ելույթին։ Երբ պատգամավորը կրկին փորձել է խոսել, փոխվարչապետը պատգամավորից պահանջել է «լռել որպես կին»։
Առինջի արտահայտությունը խիստ քննադատության է արժանացել խորհրդարանի կին պատգամավորների կողմից։ Մասնավորապես, ԺԴԿ պատգամավոր Փերվին Բուլդանը նրան կոչ է արել ներողություն խնդրել Նուրսել Այդողանից ու մյուս կին պատգամավորներից։
Կին պատգամավորներից Այլին Նազլիական «Թվիթեր»֊ի իր էջում գրել է․ «Դա [Առինջի] ենթագիտակցության արտահայտությունն էր։ Առինջը պատգամավորին լռեցրել է որպես կին։ [Այդողանը] կարող էր խոսել, եթե՝ տղամարդ լիներ»։
Ավելի ուշ փոխվարչապետը «Թվիթերում» պարզաբանել է, որ իր հայտարարություններն ուղղված էին «խորհրդարանում կարգուկանոն հաստատելուն»։
Նշենք, որ 2014-ի հոկտեմբերին նման միջադեպ էր տեղի ունեցել նաև Հայաստանի խորհրդարանում։ Իշխող Հանրապետական կուսակցության պատգամավոր Վարդան Այվազյանը «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին կոչ էր արել չմիջամտել իր և ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի վեճին՝ ասելով, թե «կինը չպետք է խառնվի տղամարդկանց խոսակցությանը»։