Home / Տեսանյութեր / «Հայերը Թուրքիայում պետք է քաղաքականացված լինեն» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Հայերը Թուրքիայում պետք է քաղաքականացված լինեն» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

2004 թվականից գործող «Նոր Զարթոնք» կազմակերպությունը հայկական առաջին քաղաքական կառույցն է Թուրքիայի Հանրապետությունում։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է կազմակերպության անդամ Սայաթ Թեքիրը։

Երևանում մեր կայքի լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա պատմել է, որ «Նոր Զարթոնքի» անվանումը հղում է 1850-1915 թվականների հայկական համայնքի զարթոնքին Թուրքիայում․ կազմակերպությունն այժմ հույս ունի նոր զարթոնք ապահովել։ Կազմակերպությունը ձախական կառույց է, համագործակցում է քրդամետ Ժողովրդական դեմոկրատական կուսակցության (HDP) հետ։

Սայաթ Թեքիրի խոսքով՝ հայկական համայնքը Թուրքիայում խիստ ապաքաղաքական է եղել և հիմնականում շարունակում է այդպիսին մնալ, մինչդեռ իրենց նպատակն է քաղաքականացնել հայերին, ցույց տալ, որ միայն մեկ խմբի խնդիրները չեն կարող լուծվել, երկրում առկա հարցերը պետք է համակարգային լուծում ստանան։

«100 տարի ապաքաղաքակունության քարոզներ լսող ժողովուրդ է։ Հայկական համայնքը հիմնականում կարծում է, որ կանանց հարցերը, բնապահպանական հարցերը, այլ փոքրամասնությունների հարցերը, դրանք հայերի հարցերը չեն, դրանք թուրքերի գործն են։ Պահպանողական նման կարծիք կա։ Նրանց հետ «Նոր Զարթոնքի» հարաբերությունները դեռ վատ են»,֊ ասում է Թեքիրը։

Նրա դիտարկմամբ՝ վերջին շրջանում, սակայն, հայկական համայնքը մի փոքր փոխվել է, և շատերը ոգեշնչվել են «Արմեն ճամբար»֊ի (Kamp Armen) պաշտպանության շարժման հաջողությամբ։ Նշենք, որ շուտով կլրանա 100 օրը, ինչ հայկական որբանոցը գրավվել է ակտիվիստների կողմից է, ովքեր այն պաշտպանում են ապամոնտաժումից։

«Պետությունը հայ համայնքի համար գիծ է գծել Լոզանի պայմանագրով, մեր համայնքը այդ գծին էլ չի մոտենում, մի քայլ հետ է։ Մենք ասում ենք, որ այդ գծից մի քայլ էլ առաջ պետք է անցնենք։ Այդ գիծը 100 տարի առաջ է գծվել և շատ բաներ են փոխվել»,֊ ասել է Սայաթ Թեքիրը։

«Նոր Զարթոնքի» քաղաքականության հիմքում Թուրքիայում ճնշված բոլոր խմբերին զորակցելն է։ Թեքիրն ասել է, որ երբ իրենք խմբով գնում են ալևիներին կամ գործադուլավորներին սատարելու, հաճախ այդ բողոքող խմբերը զարմանում են, որ հայերն եկել են իրենց օգնելու։ Հետագայում, այդ խմբերի ներկայացուցիչները, իրենց հերթին, օգնում են հայկական համայնքին մտահոգող հարցերում ևս, օրինակ, հայկական որբանոցը փրկելու հարցում։

Մեր զրուցակիցը նշել է՝ թեև նախկինում շատերը մեծ հույսեր էին կապում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ, ժամանակը ցույց տվեց, որ իրականացվող բարեփոխումները ժողովրդի համար չեն, այլ ձևական բնույթ են կրում և արվում են միայն Եվրամիությանն անդամացկելու ճանապարհին վերցրած պարտավորությունների պատճառով։

Այժմ արդեն ամեն ինչ հստակ է․ «Ինչպես է ոստիկանությունը ցրում ակցիաները, ինչպես են կանանց իրավունքները ոտնահարվում Թուրքիայում․․․ Հիմա մենք տեսանք՝ ինչ է «Արդարություն և զարգացում» կուսակցությունը»,֊ ասել է Սայաթ Թեքինը։

«Նոր Զարթոնքը» կարծում է, որ պետք է երկխոսության եզրեր գտնել թուրք ժողովրդի հետ, հատկապես նոր սերնդի, ով ավելի բաց է նոր գաղափարների առջև։ Դրա հետևանքով հնարավոր է ավելի լավ Թուրքիա ստեղծել այդ երկրում ապրող բոլոր ժողովուրդների և խմբերի համար։

Մանրամասները՝ տեսանյութում