Դանակի հարվածից մահացած 15-ամյա Դավիթ Հովակիմյանի սպանության փորձի մեջ մեղադրվող Կարեն Կունգորցևի գործով Վանաձորում ընթացող դատավարությանը Երևանից նոր դատախազ է ներգրավվել: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Կունգորցևի փաստաբան Արայիկ Պապիկյանը:
Նրա խոսքով՝ նոր դատախազ ներգրավելը պայմանավորված է նրանով, որ մեղադրող կողմը դատավարության ընթացքում կորցնում է մեղադրանքը հաստատող ապացույցները, մասնավորապես, բոլոր 4 վկաները, որոնք ցուցմունք էին տվել Կարեն Կունգորցևի դեմ, դատարանում հրաժարվել են իրենց նախաքննական ցուցմունքներից:
Օգոստոսի 5-ին կայացած դատական նիստում նոր ներգրավված դատախազն առարկել է, երբ Արայիկ Պապիկյանը հիշեցրել է, որ վկաները փոխել են իրենց ցուցմուքները։ Դատախազն ասել է, որ դրան գնահատական պետք է տա ոչ թե կողմը, այլ դատարանը՝ վճռով: Արայիկ Պապիկյանը նկատել է, որ առանց այն էլ կալանքի տակ գտնվող Կարեն Կունգորցևը պարտավոր չէ 20 ամիս սպասել, որպեսզի դատարանը գնահատում կատարի, իսկ վկաների ցուցմունքները փոխելուց հետո դատախազությունը պետք է զբաղվեր այն հարցով, թե ովքեր են ճնշում գործադրել վկաների վրա նախաքննության փուլում:
«Դատախազը տեղեկացրեց, որ Հատուկ քննչական ծառայությունում վերսկսվել է վկաներին ուղորդելու հոդվածով գործը, որը կասեցվել էր այն հիմքով, թե ուղորդող պաշտոնական անձին չեն գտել: Բայց ակնհայտ է, որ դա քննիչն է»,- ասել է Արայիկ Պապիկյանը:
Նշենք, որ Կարեն Կունգորցևը չի ընդունում ոչ իրեն ի սկզբանե մեղսագրված արարքը՝ Դավիթ Հովակիմյանի սպանությունը, ոչ էլ դեպքից 10 ամիս անց փոփոխված՝ սպանության փորձի մեղադրանքը:
Մեղադրյալը կալանքի տակ գտնվելու ընթացքում դիմել է ինքնավնասման, հացադուլ է արել: Նրա մայրընշել է, որ որդուն ծեծել են ոստիկանությունում՝ պահանջելով ընդունել մեղքը:
Ավելի վաղ news.am կայքը գրել է, որ Վանաձորում լուրեր են շրջանառվում, թե 15-ամյա Դավիթ Հովակիմյանին սպանել է ԱԱԾ աշխատակցի որդին:
Կունգորցևի մեղադրանքը սպանությունից սպանության փորձի է վերաորակվել օգոստոսի վերջին։ Միևնույն ժամանակ անբարեխիղճ վերաբերմունք ցուցաբերելու և մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու մեջ մեղադրանք է առաջադրվել «Վանաձորի բժշկական կենտրոն» ընկերության բժիշկ Վլադիմիր Ղուկասյանին, ով դատապարտվել է 3 տարվա ազատազրկման։