Home / Տեսանյութեր / Ջունգլին ազատելուց հետո մահացածի ընտանիքն արդարադատությանը չի հավատում (ՎԻԴԵՈ)

Ջունգլին ազատելուց հետո մահացածի ընտանիքն արդարադատությանը չի հավատում (ՎԻԴԵՈ)

2014 թվականի հուլիսի 13-ին ծեծի ենթարկվելուց մեկ օր անց մահացած ազատամարտիկ, «Սուրմալու» գումարտակի անդամ Վարդան Թումանյանի հարազատները պնդում են, որ պատկան մարմինները իրավունք չունեին ստորագրության դիմաց ազատ արձակել քրեական գործով անցնող մեղադրյալներին, և դրա համար կաշառք են վերցնել։

Թումանյանի այրին՝ Տանյա Մելքումյանը, Epress.am֊ի հետ զրույցում պատմել է, որ ամուսնուն ծեծի են ենթարկել Վիկտոր Հովսեփյանը, Սարգիս Ղուկասյանը և նրանց քեռին՝ Ջունգլ մականունով հայտնի Գևորգ Սարգսյանը: Երիտասարդները եկել են իր ամուսնուն «տեսնելու» նրանից հետո, երբ Վարդանը շախմատ խաղալիս վիճել է իրենց պապիկի հետ։

Դեպքից հետո Վիկտորը գտնվում էր հետախուզման մեջ, իսկ մյուս երկուսը կալանավորված էին:

Նրանք ստորագրությամբ ազատ են արձակվել դատաբժշկական երկրորդ փորձաքննության արդյունքների հրապարակումից հետո։ Այդ արդյունքները հերքել են առաջին փորձաքննության եզրակացությունն այն մասին, թե Թումանյանի մահը վրա է հասել ստացած վնասվածքների հետևանքով:

Ըստ երկրորդ փորձաքննության՝ Վարդան Թումանյանը մահացել է, քանի որ ուներ բնածին արատ:

Փորձաքննությունից հետո մի խումբ անձանց կողմից դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը մեղադրանքը քննության կողմից վերաորակվել է, և այժմ մեղադրայլներն անցնում են առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու գործով:

Տանյա Մելքումյանը նշել է, որ իրենք միջնորդել են երրորդ փորձաքննության անցկացման համար, սակայն մերժում են ստացել՝ «Հայաստանում այլ փորձագետներ չկան» պատճառաբանությամբ:

Վարդան Թումանյանի քույրը՝ Մարիետա Թումանյանը պնդում է, որ նման եզրակացության հնարավոր էր հասնել միայն մեծ գումար վճարելու միջոցով։ Նա ասել է, որ նախաքննության փուլում իրենք բազմիցս լսել են պաշտպանական կողմի պնդումները, թե մեղադրյալներին դատել չեն կարող, քանի որ «իրենց մեջքին կանգնած է «Ջավախքը»» (նկատի ունեն «Ջավախք» հայրենակցական միությունը)։ Մարիետա Թումանյանն ընդգծում է, որ մինչ կալանավորներին ազատելն իրենք, այնուամենայնիվ, հավատում էին արդար դատավճռի հասնելուն, սակայն այժմ կարծիքը փոխել են:

«Նրանց մայրը ասում էր՝ ինձ պետք լինի, ես պարկերով փող կբերեմ և իմ տղաները ոչ մի վայրկյան չեն նստելու: Փաստորեն, իրականացավ նրա ասածը: «Ջավախք» միությունը, որը պետք է մտածի Հայաստանի առաջ գնալու համար, ինչ֊որ մարդասպանների է օգնել բանտից դուրս գալ»,- ասել է Մարիետա Թումանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Նշենք, որ գործով դատական նիստը կայանալու է օգոստոսի 25-ին Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանում։