հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / ««Գազպրոմ֊Արմենիա»֊ի հետ պայմանագիրը սպանում է ՀՀ֊ում էլէներգիայի գնի նվազման հնարավորությունը»

««Գազպրոմ֊Արմենիա»֊ի հետ պայմանագիրը սպանում է ՀՀ֊ում էլէներգիայի գնի նվազման հնարավորությունը»

ՀՀ կառավարությունը նոր մենաշնորհներ է տվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը: Այս մասին նշված է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ֊ի տարածած հայտարարության մեջ, որն անդրադառնում է ՀՀ կառավարության վերջին նիստում Հայաստանի և Ռուսաստանի միջև 2013 թվականի դեկտեմբերի 2-ին ստորագրված «ՀայՌուսԳազարդի» վաճառքի պայմանագիրը համալրելու մասին որոշմանը։

«Այսպես, համաձայնագրի 1-ին հոդվածով ամրագրվում է, որ «Գազպրոմ Արմենիան» նախապատվություն է ունենալու դեռևս կառուցվող Իրան-Հայաստան և Վրաստան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերով դեպի Իրան ու Վրաստան էլեկտրաէներգիա արտահանելու համար: Այլ կերպ ասած, «Գազպրոմ Արմենիային» համաձայնագրով տրվում է Հայաստանից դեպի Իրան և Վրաստան 400 կՎ լարմամբ էլեկտրաէներգիայի արտահանման մենաշնորհ և այդ լարերով արտահանվելու է հենց «Գազպրոմ Արմենիային» պատկանող «Հրազդան-5» ջերմաէլեկտրակայանի արտադրած էլեկտրաէներգիան:

Սա փաստացի զրկում է էլեկտրաէներգիա այլ արտադրողներին (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությանը պատկանող Երևանի ՋԷԿ-ին) դուրս գալու տարածաշրջանային շուկա: Այստեղ նաև հարկ է հաշվի առնել, որ Հայաստանն այժմ Իրանի հետ ունի «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» բարտերի պայմանագիր (1 խմ գազի դիմաց 3 կՎտԺ), որի շնորհիվ Երևանի ջերմաէլեկտրակայանում արտադրվող էլեկտրաէներգիայի մի մասը Հայաստանի ներքին շուկա է մտնում գրեթէ 0-ական ինքնարժեքով: Իսկ Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման նոր լարերի կառուցման դեպքում այդ բարտերի քանակը կավելանար և Հայաստանում կպակասեր էլեկտրաէներգիայի ինքնարժեքը: Սակայն այս պայմանագրի ստորագրումը զրկելու է Հայաստանին այդ բարտերի ծավալների մեծացման հնարավորությունից, քանի որ կառուցվող բարձրավոլտ էլեկտրալարերի օգտագործման մենաշնորհը, ինչպես ասվեց, տրվելու է «Գազպրոմ Արմենիային»: Այսինքն, կարելի է արձանագրել, որ այս պայմանագիրը նաև սպանում է Հայաստանում էլեկտրէներգիայի սակագների նվազման հիմնական հնարավորություններից մեկը»,- ասված է հայտարարության մեջ: