Այսօր Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար, «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանի վրա հարձակված Արշակ Սվազյանի դեմ առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը։
Առաջին ատյանի դատարանում Սվազյանն ինքնախոստովանական ցուցմունք էր տվել, մեղավոր ճանաչվել 117-րդ հոդվածով՝ ուրիշի առողջությանը թեթև վնաս հասցնելը, և դատապարտվել 1 ամսվա ազատազրկման, սակայն Վերաքննիչ դատարանից պահանջում էր բեկանել դատավճիռը և նշանակել տուգանք` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
Արամ Մանուկյանի պաշտպան Արմեն Խաչատրյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ այսօր իրենք չեն մասնակցել գործի քննությանը, քանի որ դեմ են կատարվածին տրված քրեաիրավական գնահատականին: Այդ գնահատականը, տուժող կողմի կարծիքով, նաև քաղաքական որոշում էր: Այնուամենայնիվ, մինչև վճռի հրապարակումը Խաչատրյանը նշել էր, որ տուժող կողմը չի հրաժարվում իր բողոքից, և հետևաբար, դատական նիստին չմասնակցելը չի կարող հիմք հանդիսանալ, որպեսզի դատարանն ընդունի մեղադրվող կողմի վերաքննիչ բողոքը:
Համաձայն «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում ներկայացված գործին առնչվող պաշտոնական փաստաթղթերի, Արշակ Սվազյանն ասել էր, որ «1989 թվականից մինչև 1992 թվականն ընկած ժամանակահատվածում «Թալին» ջոկատի կազմում` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանատարության ներքո մասնակցել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազատագրական պայքարին»:
«Հայաստանի Հանրապետությունում աշխատանք չունենալու պատճառով պարբերաբար մեկնել է Ռուսաստանի Դաշնություն` արտագնա աշխատանք կատարելու: 2014թ. դեկտեմբեր սկզբներին գտնվել է Ռուսաստանի Դանշնությունում, որտեղ այլազգի անձանց ներկայությամբ «Յու Թուբ» ինտերնետային կայքով Հայաստանի Հանրապետության վերաբերյալ լրատվական հաղորդաշարեր դիտելիս տեսել է տեսագրություն, որում Արամ Մանուկյանը հայհոյանք է հնչեցրել Հայաստանի Հանրապետության նախագահի հասցեին: Այլազգի անձանց ներկայությամբ տեսագրությունը դիտելիս վիրավորվել է, որոշել վրեժխնդիր լինել: 2014թ. դեկտեմբերի 11-ին, ժամը 20:00-ի սահմաններում պատահական տաքսի ավտոմեքենայով գնացել է վերջինիս բնակության վայր հանդիսացող, Երևան քաղաքի Սոսեի փողոցի 2/2 շենք և թաքնվել շքամուտքում : Ժամը 20:04-ին բռունցքով մեկ անգամ հարվածել է շենքի շքամուտք մուտք գործող Արամ Մանուկյանի դեմքին և դիմել է փախուստի: Պատահական տաքսի ավտոմեքենայով գնացել է Բագրատաշենի մաքսային անցակետ և անցել Վրաստանի Հանրապետության տարածք, որտեղից օդանավով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Ինտերնետով տեղեկացել է, որ ոստիկանությունը դեռևս չի պարզել հանցանք կատարած անձի ինքնությունը, որից հետո 2014թ. դեկտեմբերի 14-ին Ռուսաստանի Դաշնությունից օդանավով վերադարձել է Հայաստանի Հանրապետություն», ֊ ասված է գործի նյութերում: