Օգոստոսի 30-ին Գյումրիում արձանագրվել է բոտուլիզմի 1 դեպք` 2 տուժածով, հայտնում է Առողջապահության նախարարությունը: Համաճարակաբանական հետազոտությամբ պարզվել է, որ թունավորման պատճառը հենց տուժածների կողմից 20 օր առաջ տնային պայմաններում պահածոյացված վարունգի մարինադի օգտագործումն է: Օգտագործումից մի քանի ժամ անց հիվանդներից մեկի մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ ախտանշաններ` սրտխառնոց, փսխում, մշուշոտ տեսողություն, երկտեսություն, կոպի իջեցում, շնչահեղձություն, կլման ակտի խանգարում: Հիվանդը հոսպիտալացվել է «Գյումրու» բժշկական կենտրոն, որտեղ նրան անմիջապես ներարկվել է հակաբոտուլինային շիճուկ: Ներկայումս հիվանդի վիճակը գնահատվում է ծանր: Բուժումը շարունակվում է:
Նույն մարինադից օգտագործել են ընտանիքի ևս երկու անդամ, որոնցից մեկի մոտ օգոստոսի 31-ին սկսել են զարգանալ բոտուլիզմին բնորոշ կլինիկական նշաններ: Հիվանդի վիճակը գնահատվում է միջին ծանրության, նա ստանում է ստացիոնար բուժում: