Իրանի և վեցյակի (Ֆրանսիա, Գերմանիա, Չինաստան, ԱՄՆ, Ռուսաստան և Մեծ Բրիտանիա) միջև կնքված համաձայնագիրը կարող է նոր զարկ տալ Իրանի գործողություններին տնտեսական և էներգետիկ բնագավառներում։ Հարավային Կովկասում Իրանի ազդեցության հնարավոր աճի, Թուրքիայի ու Ռուսաստանի դերի մասին Today's Zaman կայքում գրում է լրագրող Մեհմեթ Ֆաթիհ Օզթարսուն։
Ներկայումս Իրանը հնարավորություն ունի Կովկասում Թուրքիայի համեմատաբար պասիվ դիրքը վերածել առավելության իր համար։ Իհարկե, հնարավոր է, որ տարածաշրջանում Իրանի ոչ հաստատուն պատկերն ու շրջանի երկրների հետ դրա անկայուն հարաբերությունները կարող են Թեհրանին խանգարել այստեղ արագ իշխանություն հաստատել։ Ավելի լավ հասկանալու համար՝ ինչ կարող է տեղի ունենալ, չէր խանգարի պատկերացնել, թե ինչ դիրք է զբաղեցնում Իրանը տարածաշրջանում։
Իրանի և Ադրբեջանի միջև գերազանց հարաբերություններն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, էներգետիկան ու տրանսպորտը, շատ կարևոր դեր են ունեցել տարածաշրջանային համագործակցության տեսանկյունից։ Իհարկե, սա չի նշանակում՝ Ադրբեջանի հետ նախկին խնդիրները մոռացվել են։ Թեհրանի համար բարդագույն իրողություններից են, օրինակ, Կասպից ծովը կիսելը, Ադրբեջանի լավ հարաբերություններն Արևմուտքի, ինչպես նաև՝ Իսրայելի հետ, ու փաստը, որ Բաքուն պատրաստ չէ գնալ զիջումների աշխարհիկ ճակատում։
Միևնույն ժամանակ, մինչդեռ Թեհրանն ունի բազմաթիվ մտահոգություններ երկրի հյուսիս-արևմտյան շրջաններում բնակվող էթնիկ ադրբեջանցիների վերաբերյալ, Իրանի՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ Հայաստանին անցյալում ցուցաբերած աջակցությունը չի նպաստել Թեհրանի հանդեպ Բաքվի դրական կարծիքին։
1990֊ականներից ի վեր՝ Իրանը համագործակցության բարձր մակարդակ է պահպանել Հայաստանի հետ։ Թեհրանի՝ Երևանին ցուցաբերած աջակցությունը կարևոր է Հայաստանի համար։ Երևանում, սակայն, արդեն իսկ լուրջ քննարկումներ են ծավալվում, թե Իրանն ինչ դիրքորոշում կընդունի, երբ բախվի Բաքու֊Անկարա ամուր առանցքին։ Մի հայաստանցի փորձագետ վերջերս հայտարարել է, որ մոտ ժամանակներում Իրանը շատ ավելի քիչ հետաքրքրություն կցուցաբերի Հայաստանի հանդեպ, և որ Երևանը պետք է համապատասխան նախազգուշական միջոցներ ձեռնարկի։
Ոչ վաղ անցյալում, սակայն, Թեհրանի ու Երևանի միջև կնքվեց պայմանագիր երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարության վերաբերյալ։ Ի հավելումն, ներկայումս շարունակվում է Երևանի համար մեծ կարևորություն ունեցող նոր ՀԷԿ֊ի, երկաթուղու շինարարությունը։ Ի դեպ, հայ֊իրանական հարաբերությունները, որոնք միավորվում են հակառուսական առանցքի շուրջ, ներուժ ունեն ավելի մեծ կշիռ ունենալու Եվրասիական տնտեսական միության շրջանակում։ Փրկվելով Արևմուտքի կիրառած մեկուսացումից՝ Թեհրանը կարող է Մոսկվային հետ խնդիրներ ունենալ Հայաստանում ներդրումների իրականացման թեմայի շուրջ։ Մոսկվան, իրականում, կարող է խոչընդոտներ ստեղծել Թեհրանի համար այս տարածաշրջանում։ Այդ համատեքստում, հնարավոր է նաև, որ Արևմուտքում հայկական լոբբիստական խմբերը կարող են ավելի հանգիստ գործել՝ աջակցելով Իրանի կերպարի ավելի դրական արտացոլմանը ամբողջ աշխարհում։
Իսկ մինչ այդ, Իրանը նաև աշխատում է Վրաստանի հետ իր հարաբերությունները Արևմուտքի ու Ռուսաստանի ազդեցությունից փրկելու ուղղությամբ։ Վրաստանի համար Իրանը կարևոր տարածաշրջանային գործընկեր է։ Սա, իրականում, անհրաժեշտ գործընկերություն է, եթե նպատակ կա կարգավորել որոշ տարածաշրջանային լարվածություններ ու փակուղիներ։ Հետաքրքրական է, որ Թեհրանը Հայաստանի հետ ստեղծած տնտեսական ու էներգետիկ համագործակցությունը պատրաստ է տարածել նաև Թբիլիսիի վրա։
Սա է պատճառը, որ իրանցի գործարարները մշտապես նայում են Վրաստանի ուղղությամբ, և արդեն իսկ տպավորություն է ստեղծվում, որ Թեհրան֊Թբիլիսի առանցքը կարող է ավելի արդյունավետ գործընկերության հանգեցնել։ Միևնույն ժամանակ, Թուրքիան, որը Հարավային Կովկասում լավ հարաբերություններ ունի միայն երկու երկրների հետ, ապագայում էլ գնալու է նույն սահմանափակ ճանապարհով։ Իրանը կարող է բարձր մակարդակի համագործակցային նախագծեր ձեռնարկել Բաքվի, Թբիլիսիի ու Երևանի հետ, մինչդեռ Թուրքիան կարող է միայն ծառայել որպես տարանցիկ միջանցք նոր էներգետիկ նախագծերի համար։
Այս ամբողջ գործընթացի ընթացքում Ռուսաստանի դիրքորոշումները կշարունակեն կարևոր մնալ։ Այժմ շատերի ուշադրության կենտրոնում է հարցը, թե որքանով Թուրքիան կաջակցի Ռուսաստանի՝ տարածաշրջանում Իրանի ուժը հավասարակշռելու փորձերին։